Մեդիա կառավարման երրորդ առցանց դպրոցը սկսում է ընդունելությունը

Եռամսյա ուսումնական ծրագիր՝ մեդիայի կառավարման գործում ընդգրկված մասնագետների համար

Մեդիա կառավարման դպրոցում կհմտանաք բիզնեսի պլանավորման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման, մարքեթինգի և մեդիաարտադրանքի առաջխաղացման գործում, կուսումնասիրեք, թե ինչպես է թվային միջավայրն ազդում մեդիայի զարգացման վրա և կմշակեք մրցունակ բիզնես առաջարկներ։

Դպրոցը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՝ Դոյչե Վելլե Ակադեմիայի աջակցությամբ։ Ուսուցումն անվճար է։ Մասնակիցների խմբում ընդգրկվելու համար պետք է ներկայացնել բիզնես նախագծի գաղափար։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։

Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան նաև մասնակցելու հունիսին նախատեսված՝ Գերմանիա փորձի փոխանակման այցին։

Դպրոցը հաջողությամբ ավարտողները՝

  • Կկարողանան իրականացնել ռազմավարական պլանավորում,
  • Ձեռք կբերեն ծրագրերի, ռեսուրսների և ֆինանսների կառավարման հմտություններ,
  • Կկարողանան մշակել լրատվամիջոցի և մեդիա բովանդակության առաջխաղացման մարքեթինգային ռազմավարություն,
  • Կտիրապետեն թվային միջավայրում մեդիա բիզնես կազմակերպելու և մեդիաարտադրանքն ավելի մրցունակ դարձնելու հմտություններին,
  • Կկիրառեն տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ թվային հարթակներում լսարանի հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։

Ուսուցումը հիմնականում առցանց է և անցկացվում է թեմատիկ 4 մոդուլով։ Դրանք ներառում են տեսական դասեր, իրավիճակների վերլուծություն, անհատական նախագծերի մշակում՝ մենթորների օգնությամբ։

Դասերը շաբաթական 2 օր են, յուրաքանչյուրը՝ մինչև 2 ժամ տևողությամբ:

Դպրոցն ունի տեղացի դասավանդողների ձեւավորված խումբ, որոնք իրենց դասերի բովանդակությունն ու օրինակները հարմարեցրել են մեդիայի աշխատանքի առանձնահատկություններին։

Ամենշաբաթյա դասերից բացի՝ կազմակերպվում են նաև հանդիպումներ Հայաստանից և արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։

Դասերին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ սովորողի ներկայությունն է նաև ձևավորելու մոդուլային գնահատականը։

Ինչպես դիմել

Դպրոցում սովորելու համար պետք է լրացնել առցանց հայտը։ Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Առաջնահերթությունը տրվելու է մրցունակ գաղափարներին և դիմողի աշխատանքային փորձին։

Երրորդ դպրոցի մասնակիցների համար դասերը կսկսվեն ապրիլի 20-ից և կտևեն երեք ամիս։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, [email protected]; 055 89 57 00։

Ուսումնական ծրագիրը՝ համառոտ

Մոդուլ 1։ Ռազմավարական կառավարում

Մասնակիցները սովորելու են սահմանել հստակ և իրագործելի բիզնես նպատակներ, գտնել եկամտի նոր աղբյուրներ, փնտրել զարգացման հնարավորություններ՝ անգամ ճգնաժամերի փուլում։ Ձեռք են բերելու անձնակազմի և ռեսուրսների արդյունավետ կառավարման հմտություններ։

Մոդուլ 2 Թվային զարգացման ռազմավարություն

Ուսումնասիրելու են թվային միջավայրում մեդիայի առջև ծառացած մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ Տիրապետելու են լսարանի չափման և ուսումնասիրության, տեղեկատվության ուղիների ընտրության, առցանց հարթակներում նախագծերի մոնետիզացման ծրագրերին և գործիքներին։

Մոդուլ 3։ Մարքեթինգ

Մոդուլը վերաբերում է մեդիա կազմակերպությունների մարքեթինգային հաղորդակցության առանձնահատկություններին՝ դիտարկելով խնդիրը մի դեպքում ՝ լսարանի և սպառման, մյուս դեպքում՝ գործընկեր կազմակերպությունների և բիզնես կապերի տեսանկյունից:

Մասնակիցները սովորելու են սահմանել մարքեթինգային նպատակներ և չափել արդյունքները, կառավարել գովազդն ու ֆինանսական հոսքերը։

Մոդուլ 4։ Ֆինանսների կառավարում

Ներկայացվելու են ֆինանսների կառավարման և վերլուծության հիմնական սկզբունքները, որոնք կարևոր են բիզնես որոշումների կայացման համար՝ ռեսուրսների պլանավորում, բյուջեի կազմում, դրամական միջոցների հոսքերի կանխատեսում, ֆինանսական հաշվետվությունների ընթերցում, հարկային խնդիրների կարգավորում և այլն:

Անհատական աշխատանք (նախագծի մշակում)

Ուսումնական ծրագրի ավարտին սովորողները՝ մենթորների աջակցությամբ, մշակելու են բիզնես նախագծեր։ Դրանք կարող են վերաբերել նոր մեդիա արտադրանք, ծառայություն գործարկելուն, մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարություն մշակելուն և այլն:



2 Comments

Leave a Reply