- November 2, 2024
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսն Իջևանում է։ Երևանի և Գյումրիի ցուցադրություններից հետո «Լրատուն» մեդիա թանգարանի հինգերորդ նախագիծը հերթական ցուցադրությունից առաջ լրամշակվել է․ ներառվել են վերջին մեկ տարվա իրադարձությունները՝ Արցախի շրջափակումը, բռնի տեղահանությունը ներկայացնող մուլտիմեդիա նյութեր։ Ցուցադրությունում ներառվել են նաև բացառիկ, դեռևս չհրապարակված արցախյան հակամարտության թեմայով հարցազրույցներ։
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան դիտելու արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի ֆիլմը՝ «Վերջին արցախցիները»։ Այն շրջափակման ծանրությունը հաղթահարած, պայքարող, ուժեղ մայրերի և նրանց բալիկների մասին է, որոնք ծնվել են Արցախում 2023 թ․-ի սեպտեմբերի 17-29-ին։
«Հակամարտության լրագրության դրվագների» շրջանակում տեղի ունեցավ նաև Լևոն Քալանթարի հեղինակային «17 տարի անց» ֆիլմի փակ ցուցադրությունը։ Այն ներկայացնում է ՄՆԿ-ի կողմից 2007 թ․-ին արտադրված վավերագրական ֆիլմերի՝ «Ամուր ընկույզի», «Քաղաքացիությունը փախստականի», «Կատարսիսի» ֆիլմերի արցախցի հերոսների կյանքը 17 տարի անց։
«Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցան նաև տարբեր թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ։ «Լրատուն» այցելեցին նաև Իջևանի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ, որոնց հետ քննարկեցինք ներկայացվող թեման, ինչպես նաև խոսեցինք մեդիագրագիտության և քննդատական մտածողության կարևորության մասին։
«Հակամարտության լրագրության դրվագներ ցուցադրությունը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: