Հուլիսի 18 ին տեղի ունեցավ Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել լրատվամիջոցներում էթիկական լրագրության զարգացումը, մասնագիտական էթիկայի համընդհանուր կանոնների, մասնավորապես «Հայաստանի լրագրողների և լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետևողական պահպանումը։
Էթիկական լրագրության մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Մրցանակաբաշխությունը, ավանդույթի համաձայն, կազմակերպվում է ԵՄԱ-ի տարեդարձին․ այս տարի արդեն 30 ամյակին։
Անցած տարիների ընթացքում ԵՄԱ-ն իր բազմաթիվ ծրագրերի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձրել լրագրողական էթիկայի խնդիրներին, լրատվամիջոցների ինքնակարգավորմանը՝ լինելով Լրատվամիջոցների դիտորդ մարմնի հիմնադիր իրականացնող և հետևողական համակարգող։
«Եվրոպական միությունն աջակցում է լրատվամիջոցներին նրանց մասնագիտական առաջընթացի ճանապարհին՝ օգնելով պահպանել խմբագրական անկախությունը, ամրապնդել կարողությունները և բացահայտել ֆինանսական անկախության ուղիներ», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Էթիկական լրագրության այս տարվա մրցանակակիրներն են
EVN Report առցանց լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը և
CivilNet առցանց հեռուստատեսության լրագրող Գևորգ Թոսունյանը։
«Հուլիսի 18֊ը յուրահատուկ օր է, քանի որ մենք միաժամանակ տոնում ենք մեր սիրելի Երևանի մամուլի ակումբի երեք տասնամյակի ծառայությունը մեդիա ասպարեզի զարգացմանը և մեծարում ենք մեր լրագրողական համայնքի լավագույն ներկայացուցիչներին»,- իր խոսքում նշեց ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանը։
«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։