- January 15, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։
Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։
Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․
- Արցախից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները; նրանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական աջակցության ծրագրերն ու իրականացման մեխանիզմները;
- Սահմանային համայնքների բնակչության անվտանգային խնդիրները, այդ թվում ապաստարանների, անվտանգ տարածքների ստեղծումն ու պաշտպանական մեխանիզմները, ենթակառուցվածքային ներդրումներն ու հնարավոր ազդեցությունները;
- Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականության դրսևորումներ, աշխատանքի հասանելիություն, սոցիալական ապահովում և այլն;
- Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները; համայնքային ծրագրերն ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը;
- Կրթության ոլորտի բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրներն ու կրթության զարգացման պետական ծրագրերը;
- Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
- Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրներն ու բացթողումները, բնապահպանական ճգնաժամերն ու հաղթահարման արգելքները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա, նպատակային ֆինանսավորումը։
Ուշադրություն․ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։
Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։
Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝
- մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
- թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
- փոդքասթեր,
- ֆիլմեր, տեսանյութեր․
Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները։
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 3 տարվա գործունեություն,
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
- մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 5 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։
Ուշադրություն։ Ընտրության ընթացքում նախապատվություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք ենթադրամաշնորհներ չեն ստացել այս ծրագրի նախորդ փուլերում։
Ընտրության չափանիշներ և արդյունքներ
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ՄՆԿ-ն ձևավորելու է անկախ ընտրական հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։
Հաշվի կառնվեն՝
- հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը;
- ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունը, պատմությունների գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ժանրը, ձևաչափը, հերոսների/փորձագետների ընտրությունը, օգտագործվող բաղադրիչները, նյութերի քանակը;
- համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայություն;
- առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:
Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության, փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։
ՄՆԿ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում․ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրված լրատվամիջոցներին կաջակցեն խորհրդատուներ և մենթորներ, որոնք կընտրվեն ՄՆԿ-ի և դրամաշնորհառուի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեման, ձևաչափը և այլ յուրահատկություները։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 5 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2,900,000 ՀՀ դրամը։
Մրցույթին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում,
- լրացված հարցաթերթիկ,
- ծրագրի մանրամասն բյուջե,
- լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։
Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։
Վերջնաժամկետ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected] ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 10-ը:
Ուշադրություն․ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ:
Տեղեկատվական հանդիպում
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել մինչև հունվարի 24-ը։ Հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ մասնակիցներին կուղարկվի անհրաժեշտ տեղեկատվությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով վերոնշյալ էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում և Ուկրաինայում։