- February 19, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ասյան Մոսկվայից մի քանի ամսով Երևան տեղափոխվեց ազգային ինքնագիտակցությունն ու լեզուն կորցնելու վախից:
«Երբ Մոսկվայում հայերեն խոսակցություն էի լսում, փախնում էի փողոցի մյուս կողմը, որ ինձ չնկատեն, չփորձեն հետս խոսել: Մերժում էի Հայաստանի ու հայերի հետ կապված ամեն ինչ: Նույնիսկ երբ հարցնում էին` ինչ ազգից եմ, խուսափում էի պատասխանել: Հասկացա, որ այդպես շարունակվելու դեպքում կկորցնեմ ազգությունս»,-ասում է Ասյան:
Որոշեց շտապ քայլեր անել իրավիճակը փոխելու համար: Երևան եկավ նաև «մոխրագույն Մոսկվայի» աղմուկից կտրվելու ու մի քիչ հանգստանալու հույսով:
«Սխալվեցի: Երևանը միայն առաջին հայացքից է հանգիստ. մարդիկ հանգիստ քայլում են փողոցներում, հերթերում հանգիստ առաջ են անցնում, տրանսպորտում հանգիստ կռացած երթևեկում, շա՜տ հանգիստ: Բայց աղմուկը շատ է. մարդիկ բարձր են խոսում, ճանապարհներին մեքենաների աղմուկն է»:
Ասյան լրագրողական կրթություն ունի: Դիմել էր «Դեպի Հայքին»՝ Երևանում իր մասնագիտության ու հետաքրքրության շրջանակներում կամավորություն անելու մտադրությամբ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնագիտական գրադարանը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձավ նրա աշխատանքային հանգիստ անկյունը: Ասում է, որ այստեղ կտրվում էր քաղաքի աղմուկից: Ուսումնասիրում էր մասնագիտական գրքերը, դասակարգում դրանք, տեղավորում համապատասխան դարակներում, ապա տվյալները ներմուծում գրքերի թվային բազայում:
«Այս գրադարանում շատ լավ գրքեր կան: Մի քանիսն ինձ ծանոթ էին դեռևս համալսարանից, նույնիսկ իմ դասախոսների անունները տեսա հեղինակների շարքում: Ինձ համար նորություն էին իրավունքի թեմայով գրքերը, երբեմն շեղվում էի ու ժամերով թերթում, կարդում դրանք: Երբեմն էլ հազիվ էի զսպում, որ որոշ գրքեր հետս չտանեմ տուն»:
Գրադարանի ստեղծման աշխատանքներն Ասյային այլ կամավորներ էին փոխանցել, նա էլ որոշ գրքեր թողել է հաջորդ կամավորի համար: Հույս ունի, որ ավարտուն գրադարանը կհետաքրքրի թե՛ գործող լրագրողներին, թե՛ ուսանողներին:
Ասյան նաև փորձում էր բացահայտել Հայաստանը, մասնակցում էր արշավների, հայերենի դասերի էր հաճախում:
«Ծնողներս Հայաստանի տարբեր գյուղերից են, ու ինձ մոտ երկու բարբառները խառնված էին: Դժվարությամբ էի հայերեն նախադասություններ կազմում: Մի բառ ասում էի, մյուսը՝ մտածում: Մարդիկ ասում էին, որ երգելով եմ խոսում»:
Սկզբնական շրջանում դժվարությամբ էր ռուսերենից անցնում հայերեն խոսակցությունների, բայց չորս ամիսների ընթացքում «լեզուն բացվել էր»: Մոսկվա վերադառնալուց մի քանի օր առաջ այս նյութի համար զրույցի ժամանակ հարցերին ավելի սահուն հայերենով էր պատասխանում: