- January 8, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ազատություն ռադիոկայանի «Գյուղամեջ» հաղորդաշարը դեռևս մեկ տարի է եթերում, բայց հասցրել է դառնալ սիրված ու սպասված ձևաչափ լրատվամիջոցի լսարանի կողմից: Հաղորդաշարի հեղինակներ Ռուզաննա Գիշյանն ու Արուս Հակոբյանը եղել են երեք տասնյակից ավելի գյուղերում, պատմել համայնքների բնակիչների, նրանց առօրյայի, խնդիրների մասին:
«Արևին ամենամոտ գյուղի»՝ Բասենի մասին հաղորդումը շարքում առանձնանում է իր լավատեսական երանգով: Այն ներկայացնում է համայնքի ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները, որը հաջողվել է շնորհիվ գյուղապետ Համլետ Գևորգյանի:
Բասենի օրինակը ոգևորիչ էր նաև հեղինակներից Արուսի համար. «Այս հաղորդումը փոփոխություն բերեց անձամբ իմ ու ընտանիքիս առօրյայում: Համայնքում տեղադրված արևային ջրատաքացուցիչների մասին պատմեցի հայրիկիս, որոշեցինք՝ շուտով մեր տանիքին էլ կտեղադրվի այդպիսի ջրատաքացուցիչ»:
«Թվապատում» մրցույթի ժյուրին Բասենի մասին լրագրողական շատ պատմություններ է ուսումնասիրել: Դրանցից մեկը լավագույնն էր ճանաչվել նախորդ տարվա մրցույթի «Գործող անձ» անվակակարգում:
Այս տարի Բասենի մասին «Գյուղամեջը» նույնպես ժյուրիի կողմից առանձնացված լավագույն պատմությունների շարքում էր և պատվորգիր ստացավ մրցույթի կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Բացի այդ, պատմությունն արժանացավ նաև գործընկերների մրցանակին՝ հաղթող ճանաչվելով մրցույթի «Ես քվեարկում եմ» անվանակարգում. այս անգամ քվեարկության դրված ամենաբարձր միավորներ ստացած 20 պատմություններից հաղթողին որոշեցին մրցույթին մասնակցած լրագրողները:
«Սրանք «Գյուղամեջի» առաջին մրցանակներն են, առաջին գնահատականը: Մեզ համար շատ օգտակար էր նաև հաղորդաշարի մասին քննարկումը, ժյուրիի անդամներից ստացած խորհուրդները, որոնք մտապահել ենք ու հաղորդումները պատրաստելիս միշտ հաշվի ենք առնում»,-ասում է հաղորդաշարի համահեղինակ Ռուզաննան: