«Թվապատում 2020» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 6-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում ընթացող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, կառավարության կողմից իրականացվող քայլերի, ինչպես նաև համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
«Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`

– հանրային սեկտորի թափանցիկություն ու հաշվետվողականություն, հակակոռուպցիոն քաղաքականություն և դրա կիրառումը,
– տեղական ինքնակառավարում, համայնքների խոշորացում, համայնքային խնդիրները, առօրյան,
– սոցիալական բարեփոխումների ընթացքը, խնդիրները, կառավարության ծրագրերը և դրանց իրականացումը,
– տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության լուսաբանում, վերլուծություններ կառավարության ծրագրերի, դրամավարկային, հարկային և ներդրումային քաղաքականության,
– Covid 19 համավարակի լուսաբանումը, համավարակի առաջացրած խնդիրները հանրային առողջության ոլորտում, արտակարգ դրությամբ պայմանավորված մարտահրավերները,
– մարդու իրավունքների ոլորտը, իրավիճակը, ընկալումը, իրազեկվածությունը, խնդիրները, փոփոխությունները, ձեռքբերումները. դեպքեր, ճակատագրեր, փոքրամասնություններ, խոցելի խմբեր, կարծիքների բախում,
– Ղարաբաղյան կամ որևէ այլ հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները արձանագրող պատմություններ:

Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական և բացահայտող, ներկայացվող տեղեկատվությունը կլինի ստուգված փաստերի հիման վրա, կպահպանվեն լրագրողական էթիկայի նորմերը։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, նորարար լուծումներն ու մոտեցումները։

Անվանակարգեր և մրցանակներ

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով: Այս անվանակարգում ներկայացված նյութերը կարող են ներկայացնել մրցույթի թեմաներից ցանկացածը։

Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում

Նյութերը պատմում են վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված և անհաջող փորձերի, մասին:

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Դիտակ. հետաքննական լրագրություն

Նյութերը պատրաստված են լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակում են լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Ստատուս մարդու իրավունքներ

Նյութերը պետք է անդրադառնան մարդու իրավունքներին: Խրախուսվում են առկա սուր խնդիրների բացահայտումը, իրավունքի մասին իրազեկող նյութերը, յուրահատուկ և անհայտ պատումները, մարդկային ճակատագրերի պատմությունները, իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ պայքարի օրինակները և այլն։

Մրցանակը՝ 250 000 դրամ:

Արտակարգ ԳրությունՀամավարակի մի պատմություն

Նյութերը պետք է անդրադառնան Covid 19 համավարակին, ներկայացնեն վերլուծություններ, հարցազրույցներ, մարդկային պատմություններ,  Հայաստանում համավարակի և արտակարգ դրության արդյունքում տարբեր ոլորտներում, ինչպես նաև հասարակության, առանձին մարդկանց կյանքում առաջացած խնդիրները, դրանց հնարավոր լուծումները։

Մրցանակը՝ 200 000 դրամ:

Ստուգված է. տեղեկությունների ստուգում

Նյութի առանցքում կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների և փաստերի ստուգումն է՝ տարբեր ժամանակակից մեթոդների, գործիքների, բազաների կիրառմամբ: Այն հերքում կամ հաստատում է տարբեր պաշտոնյաների, կառույցների, կազմակերպությունների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի կողմից տարածված կասկածելի ինֆորմացիան: Լրագրողական աշխատանքը պարունակում է հետաքննության տարրեր, անդրադառնում է հանրության համար կարևոր թեմաներին, իր բովանդակությամբ հակազդում է տարածված կեղծ կամ խեղաթյուրված տեղեկությանը:

Մրցանակը՝ 200 000 դրամ:

Հատուկ մրցանակ՝ մարդասիրական թեմաներով

Լրագրողական աշխատանքները կարող են լինել ցանկացած ժանրի և ձևաչափի, պետք է անդրադառնան Ղարաբաղյան կամ որևէ այլ հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների: Ուշադրության կենտրոնում կարող են լինել, օրինակ, անհայտ կորածներ և նրանց հարազատներ, մարտական գործողություններին կամ շփման գծին մոտ ապրող քաղաքացիականներ, ականներից կամ պայթուցիկ այլ նյութերից տուժած անձինք, մարդասիրական աշխատանքներում ներգրավված մարդիկ, հակամարտության գոտում առկա այլ թեմաների և դրանց հետ կապված հերոսների պատմություններ։

Հաղթողն արժանանում է 200 000 դրամ խրախուսական դրամաշնորհի` հումանիտար մեկ այլ թեմայով աշխատանք իրականացնելու համար։

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2019 թ օգոստոսի 1-ից 2020թ. օգոստոսի 9-ը ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր, փոթկաստ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթին չեն կարող ներկայացվել այն նյութերը, որոնք ստեղծվել են «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2020 թ. օգոստոսի 10-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Հարցերի դեպքում կարող եք դիմել
Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112), 099 225075
Անի Դարբինյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)


«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: