- September 29, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Սեպտեմբերի 29-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Ի՞նչ է փոխվում Հայաստանում, և ի՞նչ են փոխում լրագրողական պատմությունները: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:
Տարբեր ժանրեր ներկայացնող լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս ժյուրին կարևորում է հատկապես աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:
«Թվապատում 2017» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի հայտնի և փորձառու մասնագետներ են`
Վիգեն Սարգսյան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու,
Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ, դասախոս,
Մարիա Թիթիզյան, EVNreport.com-ի գլխավոր խմբագիր,
Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր:
Շարունակելով ավանդույթը՝ այս տարի ևս ժյուրիի մասնագիտական կազմը համալրեց նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ Բասեն համայնքի գյուղապետ Համլետ Պետրոսյանը:
Ժյուրին ուսումնասիրեց և գնահատեց ներկայացված հայտերը, ապա քննարկման արդյունքում որոշեց հաղթողներին: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Ampop.am-ի թիմը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին լրագրողական ուսումնասիրությունների շարքով անդրադառնալու համար:
Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամով պարգևատրվեց Hetq.am-ի լրագրող Հրանտ Գալստյանը` «Ապրիլի զոհերը» նյութի համար:
Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում ժյուրին հիմնական մրցանակ չշնորհեց, փոխարենը հանձնեց երկու 100 000-ական դրամ հատուկ մրցանակ Սուսան Բադալյանին՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Պետության պոզիտիվ պարտավորությունը. միայնակ տարեցների խնամք» պատմության, Անուշ Մուրադյանին՝ Azatutyun.am-ում հրապարակված «Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը կրճատվում է, քաղաքացիները բողոքում են» տեսանյութի համար:
«Թվապատում 2017»-ի Գործող անձ (Homo Agendi) ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակը՝ Լիլիթ Առաքելյանը, և հերոսը՝ Հասմիկ Խաչատրյանը:
Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհեց պատմությունների, որոնք հետաքրքրեցին, հուզեցին կամ հիացրեցին:
Լավագույն թվային պատմության համար հատուկ մրցանակ շնորհվեց Civilnet.am-ում հրապարակված «Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար» տեսանյութի հեղինակ Ժաննա Պողոսյանին:
«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ճանապարհ» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանը ստացավ հատուկ մրցանակ՝ մասնագիտական բարձր որակի և հերոսների հետ յուրահատուկ աշխատանքի համար:
«Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի «Հանուն հավասարության» թողարկման համար հեղինակներ Սոնա Աբրահամյանը և Աելիտա Չիլինգարյանը հատուկ մրցանակի արժանացան՝ սոցիալական կարևոր թեմայի ամբողջական և բազմակողմանի լուսաբանման համար:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մարզեր մեկնող երիտասարդ ուսուցիչների ոգևորող կերպարները Mediamax.am-ում գրավիչ պատմությունների շարքով ներկայացնելու համար խրախուսական մրցանակ շնորհվեց լրագրող Լուսինե Ղարիբյանին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր կողմից պատվոգրեր հանձնեց երեք նյութի հեղինակներին՝ Թեհմինե Ենոքյանին` «Փուչիկ արդարադատություն» ֆիլմի, Զարուհի Մեջլումյանին և Գրիշա Բալասանյանին՝ «Բանտային սնունդը» հոդվածաշարի, Ռուզաննա Գիշյանին և Արուս Հակոբյանին՝ «Գյուղամեջ․ արևին ամենամոտ գյուղը․ Բասեն» ֆիլմի համար՝ նշելով այս նյութերի լրագրողական բարձր որակը և ներկայացված թեմաների կարևորությունը:
Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ անվանակարգի հաղթողին այս տարի կորոշեն մրցույթի մասնակիցները, ովքեր կքվեարկեն ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 նյութից որևէ մեկի օգտին:
Հաղթողի մասին, նաև մրցույթին առնչվող այլ տեղեկություն կարող եք գտնել «Թվապատում» կայքում: