- September 27, 2015
- Posted by: admin
- Category: Նորություններ
Սեպտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում ամփոփվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը:
Այն նպատակ ուներ խթանել Հայաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանումը, մասնավորապես, հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման հզորացմանը և սոցիալական բարեկեցության խթանմանն ուղղված միջոցառումները` որակյալ լրագրության օրինակների միջոցով:
Մրցույթին ներկայացված՝ տարբեր ժանրերի և լրատվամիջոցների 72 լրագրողական աշխատանքներից լավագույններն առանձնացրին ժյուրիի հինգ անդամները, ովքեր Հայաստանի մեդիադաշտի հայտնի մասնագետներ են:
Սահմանված դրամական մրցանակները և «Թվապատում 2015» մրցույթի խորհրդանիշ-պարգևները հանձնվեցին 4 հիմնական անվանակարգերում.
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Անի Հովհաննիսյանի և Նարեկ Ալեքսանյանի՝ hetq.am-ում հրապարակված «Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» մուլտիմեդիա նյութը։
Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը՝ 250 000 դրամը, շնորհվեց Անի Հովհաննիսյանին և Մարինե Մադաթյանին hetq.am-ում հրապարակված «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութի համար։
Խրախուսական մրցանակի արժանացավ և 50 000 դրամով պարգևատրվեց iravaban.net-ում հրապարակված՝ Աստղիկ Կարապետյանի «755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով» նյութը։
Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հայտարարվեց երկու մրցանակակիր․ Զարուհի Մեջլումյանը՝ hetq.am-ում հրապարակված «Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք» և Արտակ Համբարձումյանը՝ civilnet.am-ում հրապարակված «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին» լրագրողական աշխատանքների համար։ Երկու հաղթողներն էլ արժանացան 125 000 դրամի։
Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում 300 000-ական դրամի պարգևատրում էր նախատեսված թե՛ հաղթող աշխատանքի հեղինակին, թե՛ հերոսին։ Այս մրցանակին արժանացան aravot.am-ում հրապարակված «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածի հեղինակ Լիլիթ Առաքելյանն ու նյութի հերոս Սրբուհի Աղաբաբյանը։
Ըստ մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի` «Թվապատում 2015»-ում հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին լրագրողների այն աշխատանքները, որոնք վերաբերում են Հայաստանում ընթացող բարեփոխումներին և աչքի են ընկնում իրենց քննադատական մտածողությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցմամբ, համարձակությամբ ու հավասարակշռվածությամբ։
Վերոնշյալ 4 հիմնական անվանակարգերից բացի՝ «Թվապատում 2015»-ում ներկայացված է ևս մեկ անվանակարգ՝ Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ: Քվեարկության են դրվում բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Այս անգամ, սակայն, ընտրում է լսարանը: Առանձնացված նյութերն ու քվերակության մասին մանրամասները հասանելի կլինեն մրցանակաբաշխության ավարտից հետո Թվապատում կայքի Ես քվեարկում եմ բաժնում: Նախընտրած նյութի օգտին քվեարկել հնարավոր կլինի հոկտեմբերի 1-ից 31-ը։
Մրցույթի համար ստեղծվել է հատուկ կայք՝ Թվապատում, որտեղից կարելի է մանրամասն տեղեկություն ստանալ մրցույթի և առցանց քվեարկության մասին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախատեսում է անցկացնել Թվապատում մրցույթը նաև հաջորդ տարի: