- November 8, 2025
- Posted by: admin
- Category: Նորություններ


Նոյեմբերի 8-15-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն ութերորդ անգամ անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի աջակցությամբ։ Այս տարի Մեդիագրագիտության շաբաթն անցակցվում է «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։
Շաբաթվա պաշտոնական բացումը ազդարարեց թեմատիկ կոնֆերանսը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. Վասսիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց, որ Եվրոպական միության համար մեդիագրագիտությունը ռազմավարական նշանակություն ունի ժողովրդավարական դիմակայունության, թափանցիկության և քաղաքացիական մասնակցության ամրապնդման գործում․ ««Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շնորհիվ երիտասարդ առաջնորդներ, մանկավարժներ և կազմակերպություններ ձեռք են բերել փաստերի ստուգման, բովանդակության ստեղծման, թվային քաղաքացիության և համայնքային ներգրավվածության գործնական հմտություններ՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական դիմակայունության բարձրացմանը։»
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառումը ամենօրյա աշխատանքի խտացումն է՝ քննարկելու նոր գաղափարներ ու մոտեցումներ։ Անդրադառնալով իրականացված փոփոխություններին՝ Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Օրինակ հինգ տարի առաջ դպրոցների կարողությունները մեդիայի օգտագործման, դրա հանդեպ պատասխանատվության առումով, անհամեմատելի են այսօրվա իրավիճակի հետ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այն, ինչ ունենք, բավարար է․ սա նշանակում է՝ միասին ճանապարհ ենք անցնում։ Մենք ուզում ենք, որ կրթական համակարգը ձևավորի մրցունակ և պատասխանատու քաղաքացիների։»
Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։
Շաբաթը միջազգային շարժում է, որն անցկացվում է ամեն տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Նոյեմբերի 8-15-ը կանցկացվեն վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ Երևանի ու մարզերի գրադարաններում, համալսարաններում ու դպրոցներում, երիտասարդական կենտրոններում։
Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում տարածվում են #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2025 հեշթեգերի ուղեկցությամբ։
Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:









