Մերկացնելով ապատեղեկատվությունը

Ծրագրի նպատակն է օգնել գործող և ապագա լրագրողներին զարգացնել տեղեկությունների ստուգման ու փաստերի ճշգրտման հմտությունները՝ նպաստելով ավելի հավաստի տեղեկությունների տարածմանը։

Ծրագրի հիմնական բաղադրիչը Տեղեկությունների ստուգման միջազգային դպրոցն է, որ անցկացվում է 16 մասնակիցների համար Հայաստանից ու Վրաստանից՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ։ Նրանք ծանոթանում են լավագույն փորձին, սովորում են կիրառել տեղեկությունները ստուգելու նոր գործիքներ ու մեթոդներ, և դրանք օգտագործելով՝ պատրաստում են լրագրողական նյութեր։

Զուգահեռաբար, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմն աշխատում է հայաստանյան մի քանի բուհերի հետ՝ օգնելով դասախոսներին մշակել ու դասավանդման գործընթացում կիրառել տեղեկությունների ստուգման նոր մոդուլներ։

Ծրագիրն աջակցում է նաև ՄՆԿ-ի կողմից 2015 թվականից անցկացվող «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթին, որը խրախուսում է ուսանողներին մտածել մեդիայի ու տեղեկատվության ազդեցության ու հետևանքների մասին, քննարկել լրագրողի դերը հասարակական կյանքում, ինչպես նաև սպառողի արձագանքը կեղծ ու չստուգված տեղեկություններին։


Ծրագիրն իրականացվում է 2017 թ. մարտ-հուլիս ժամանակահատվածում չեխական “Transitions” (TOL) կազմակերպության հետ համատեղ՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: