- September 30, 2015
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նկատել խնդիրը, առաջարկել դրա լուծման տարբերակը, գտնել համախոհներ, ստանալ գումար ու գործի անցնել. Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կազմակերպած Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքներն այդպիսի հնարավորություն են ընձեռում Հայաստանի մարզերի ակտիվ երիտասարդներին:
2015 թվականի սեպտեմբերին կազմակերպված 6 հավաքների ժամանակ երիտասարդները ներկայացրին երկրում ընթացող բարեփոխումների ոլորտներում (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) նկատած խնդիրները, առաջարկեցին դրանց լուծման իրենց նախագծերը՝ օնլայն կամ օֆլայն գործիքների կիրառմամբ:
Գյումրու, Վանաձորի, Արմավիրի, Մարտունու, Իջևանի և Սյունիքի Ինֆոտներում անցկացված Մարդամեջերին ներկայացված մոտ 200 հայտերից հանձնաժողովներն առանձնացրին 24-ը՝ չորսական գաղափար յուրաքանչյուր Ինֆոտնից:
Մեկօրյա միջոցառումների ընթացքում 4 նախագծերի հեղինակներն իրենց գաղափարը քննարկում էին մյուս մասնակիցների և ժյուրիի հետ, ապա՝ համակիրների հետ ձևավորում խմբեր: Թիմային աշխատանքի արդյունքում մշակված նախագծերը ներկայացվում էին ժյուրիի դատին, ում որոշմամբ ֆինանսավորում էր հատկացվում դրանցից երկուսին:
«Մարդամեջում ձեռք բերած ամենամեծ փորձառությունը ժյուրիին նախագիծը ներկայացնելն էր»,- ասում է Սյունիքի հավաքի մասնակիցներից Կատյա Բաբայանը: «Հասկացա, որ էական է ոչ այնքան ներկայացրածդ նախագիծը, այլ կարողությունը ժյուրիին համոզել, որ քո գաղափարը մյուսներից ավելի լավն է, որ այն լավագույնն է»:
Նախնական փուլը հաղթահարած 24 նախագծերից 13-ն արժանացան միջինում 250 հազարական դրամի: Սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլ խնդիրների լուծմանն ուղղած ծրագրերն արդեն մեկնարկել են:
Մարդամեջերի ժամանակ ստանալով ՏՏ մասնագետների խորհրդատվությունը՝ մասնակիցներից շատերը փորձել էին իրենց նախագծերում համատեղել օնյալն և օֆլայն գործիքների կիրառումը:
Հաղթող մի քանի նախագծերով ստեղծվող օնլայն հարթակներն ուղղված են տարբեր խնդիրների բարձրացմանն ու լուծմանը: Օրինակ, կապ հաստատել սոցիալական խնդիրներ ունեցող և նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջև, կամ, աշխատանք փնտրող՝ հաշմադամություն ունեցող անձի և համապատասխան աշխատանք առաջարկող գործատուի միջև: Մեկ այլ դեպքում կայքը կամ օնլայն այլ գործիքները հնարավորություն են ընձեռում տուրիզմի խթանման, քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման, ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման համար:
Ներկայացված նախագծերից մի քանիսն էլ խնդիրների լուծման ավանդական մեթոդներ են առաջարկում՝ բարեփոխումների և ոլորտներում եղած բացթողումների մասին իրազեկում դասընթացների, քննարկումների, ինտերակտիվ թատրոնի, լուսանկարների ու ցուցադահանդեսների միջոցով:
«Քնած մարդու համար Մարդամեջն ազդակ է արթնանալու, մտածելու, գաղափար ներկայացնելու, թիմ ստեղծելու ու դրա միջոցով արդյունքի հասնելու համար»,- ասում է Մարտունու հաղթող նախագծերից մեկի հեղինակ Տիգրան Բաղիշջանյանը, ապա ավելացնում, որ «Մարդամեջը լավ սկիզբ ունենալու հնարավորություն է, իսկ լավ սկիզբը լավ գործի կեսն է»:
Հաղթող, կամ ոչ՝ մասնակիցներից շատերը պատրաստվում են ստացած գիտելիքն ու փորձը հաշվի առնելով՝ նոր և հետաքրքիր գաղափարներով ներկայանալ առաջիկա Մարդամեջերին: Սոցիալ-նորարարական հավաքներից յուրաքանչյուրն իր հետ ինչ-որ բան տանում է՝ նոր գաղափար, նոր ծանոթություն կամ նոր շապիկ:
Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
[foogallery id=”4608″]