- May 15, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Լույս է տեսել «Բացահայտումների հետագծով» լրագրողական ձեռնարկը, որում տեղ են գտել 2016 թ. դեկտեմբերի 6-8-ը Երևանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Թվապատում հետաքննություն. Մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսի բանախոսների թեմաները:
Գրքում ներկայացված 12 հոդվածների հեղինակները տարբեր երկրներից են՝ Լիտվա, Չեխիա, Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:
Նրանք գրել են իրենց փորձի, լրագրողական բացահայտումների, միջսահմանային համագործակցության կարևորության ու ազդեցության մասին:
Ներկայացրել են հետաքննական լրագրության ժամանակակից միտումները, հարթակներն ու գործիքները, խոսել հնարավորությունների ու խոչընդոտների, արգելքների ու ճնշումների մասին:
«Բացահայտումների հետագծով» ձեռնարկը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության աջակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում:
Այն նախատեսված է լրագրողների, մեդիա փորձագետների, լրագրության ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը նոր ձեռնարկի խմբագրակազմի անդամ է: Նա ասում է, որ գիրքը մասնագիտական փորձի, վերլուծությունների, կարծիքների ու խորհուրդների ուշագրավ հավաքածու է;
«Տարբեր երկրներից երևանյան կոնֆերանսին մասնակցած հետաքննող լրագրողները ներկայացնում են համօգտագործման և համագործակցության տեղային ու գլոբալ ռեսուրսներ, որոնք բազմապատկում են լրագրողական հետաքննությունների ազդեցությունն ամբողջ աշխարհում։
Նրանց պատմությունները ոգևորում են, սովորեցնում, արժևորում, նաև՝ համախմբում լրագրողական հետաքննություններով զբաղվող երիտասարդ և փորձառու լրագրողներին»,- ասում է Նարինե Սաֆարյանը։
Ձեռնարկը հասանելի է նաև առցանց՝ հայերեն և անգլերեն տարբերակներով: