Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստացավ GAPMIL-ի առաջին մրցանակը

Share

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից ստեղծված GAPMIL դաշինքը (Գլոբալ դաշինք հանուն մեդիա և ինֆորմացիոն գրագիտության ոլորտում  համագործակցության) հայտարարել է 2017թ.-ի մրցանակակիրներին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստացել է Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջին մրցանակը:

Հաղթողների անունները հայտարարվել են Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության միջազգային շաբաթվա շրջանակում՝ հոկտեմբերի 24-27-ը Ճամայկայում անցկացված ամենամյա կոնֆերանսի ընթացքում:

Արդեն 3-րդ տարին է GAPMIL-ը մրցանակներ է շնորհում անհատների և կազմակերպությունների՝ մեդիագրագիտության ոլորտում նշանակալի ներդրման և ձեռքբերումների համար: Այս տարի դաշինքը 170 հայտ էր ստացել, որոնցից էլ ընտրել էր հաղթողներին:

«ՄՆԿ-ն արդեն մի քանի տարի է, անդամակցում է այդ Դաշինքին և մասնակցել է մի քանի նախաձեռնությունների: ԵՎ այս տարի որոշեցինք դիմել մրցանակի համար, ներկայացրինք մեդիագրագիտության ոլորտում մեր նախագծերն ու ձեռքբերումները: Այն մասին, որ մրցանակ ենք ստացել, տեղեկացանք էլեկտրոնային նամակով կոնֆերանսից մի քանի օր առաջ միայն ու չկարողացանք մասնակցել մրցանակաբաշխությանը Ճամայկայում»,- ասում է ՄՆԿ-ի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Գլխավոր մրցանակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին հանձնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ առանձնացրել է կազմակերպության աշխատանքը Կրթության և գիտության նախարարության, դպրոցների և բուհերի հետ, մեդիագրագիտության ուսումնական ռեսուրսները, մասնավորապես՝ «Մեդիամարտ» խաղը, media.am կայքն ու տարածաշրջանային համագործակցային նախագծերը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքը համարվում է Հայաստանում մեդիա քննադատության և վերլուծության հիմնական հարթակը: ՄՆԿ-ն նաև իրականացնում է համատեղ ծրագրեր Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ֆիլմերն ու մեդիագրագիտությունն օգտագործել միջմշակութային երկխոսության, համագործակցության և շփման համար»,-նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

Երկրորդ մրցանակը շնորհվել է Մեքսիկայի Վերակրուզի համալսարանի պրոֆեսոր Հիսուս Լաուին, ով Մեքսիկայի, Լատինական Ամերիկայի կրթության ոլորտում և միջազգային ասպարեզում մեդիա և ինֆորմացիոն գրագիտության առաջմղման և պաշտպանության գործում գլխավոր դերակատարն էր:

Երրորդ մրցանակը կիսել են Ֆրանսիայի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության նախագծի հեղինակ Ռոզմարի Ֆարինելլան ու Ղրղզստանի Մեդիայի աջակցության կենտրոնը:

GAPMIL-ը, որն աջակցում է միջազգային համագործակցությանը՝ տեղեկատվության հասանելիության ոլորտում, այս պահի դրությամբ մոտ 500 անդամ ունի 110-ից ավելի երկրներից: Դաշինքը բաց է անդամակցության համար: