«Արտդոկֆեստը Երևանում». նոյեմբերը սկսվեց կինոդիտումներով

Share

Կինոռեժիսոր և պրոդյուսեր Վիտալի Մանսկու վարպետության դասով մեկնարկեց ARTDOCFEST վավերագրական կինոփառատոնի երևանյան ցուցադրությունների շաբաթը: Փառատոնի նախագահ Մանսկին եկել էր «իր փորձն ու գիտելիքը փոխանցելու, բայց նաև նոր էներգիա վերցնելու»:

Արդեն 11 տարվա ուղի անցած փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում և Ռիգայում: Արտդոկֆեստը Երևանում հյուրընկալվեց առաջին անգամ նոյեմբերի 2-6-ը ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով:

Փառատոնը ներկայացնում է ֆիլմեր, որոնք սովորաբար հնարավոր չէ դիտել Ռուսաստանի կինոթատրոններում, հեռուստատեսությամբ և կինովարձույթում: Այն երկխոսության հարթակ է տարբեր հայացքներ ունեցող անձանց միջև, հնարավորություն է քննարկելու արդի ամենասուր քաղաքական, սոցիալական, մարդասիրական թեմաները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, Լոֆթում, Փոքր Թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կազմակերպիչները ցուցադրեցին ֆիլմեր, որոնք կհետաքրքրեին ու կհուզեին նաև հայ հանդիսատեսին` «Թանգարան «Հեղափոխություն»», «Վախի շեմին», «Տատյանան և նրա երեխաները», «Հարազատներ», «Ճանապարհ», «Ցիկլոնի կենտրոնում», «Համոզմունքներ»:

Մանսկուց բացի Երևանում էին ծրագրում ներկայացված յոթ ֆիլմերից երեքի հեղինակները՝ Նատալյա Բաբինցևան, Մարիա Կրավչենկոն, Ելենա Լասկարին, որոնց հետ հարցուպատասխանի հնարավորություն ունեցավ հանդիսատեսը:

«Արտդոկֆեստը Երևանում» մաս էր «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում ստեղծված «Մենք ենք մեդիան» ձևաչափի: