- June 6, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ծրագրավորող եւ բլոգեր Լուսինե Բարսեղյանը մեկ ամբողջ տարի անհամբեր սպասել է բարքեմփյան երկու օրերին: «Կոնֆերանսների» անցկացման ամենազարմանալի ֆորմատը այս անգամ էլ չհիասթափեցրեց նրան: Այս տարի ավելի շատ ընկերներ ու ծանոթներ կային, ավելի շատ ընդհանուր թեմաներ եւ այնքան վստահություն, որ նույնիսկ որոշեց պրեզենտացիա պատրաստել:
Բարքեմփյան երկու օրերն այս տարի հունիսի 4-ը եւ 5-ն էին, անցկացման վայրը` Հայաստանի ամերիկյան համալսարանը, որտեղ հավաքվել էին ավելի քան 1000 տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օնլայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ: Նրանք էլ հենց չկոնֆերանսի բանախոսներն էին, որոնք միջոցառման սկզբում առաջարկեցին պրեզենտացիաների տարբեր թեմաներ` այսպիսով տեղում կազմելով օրակարգը: Դրան հետեւեցին ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումները եւ մտքերի ազատ փոխանակումը։
Բարքեմփ Երեւան 2011-ի հովանավորներն ու աջակիցներն էին Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, USAID-ի ֆինանսավորմամբ, Բիլայնը, Օպերա սոֆթվերը, Դիմ քոմյունիքեյշնսը եւ ՊանԱրմենիաննեթը։
Միջոցառմանը Լուսինե Բարսեղյանը ներկայացրեց իր կողմից վերջերս իրականացված հայկական բլոգոսֆերայի հաշվառման արդյունքները: Նա խոսեց տեղական բլոգոսֆերայում բլոգային հարթակների օգտագործման վիճակագրության, ներկա իրավիճակի ու միտումների մասին, կարեւորեց հայալեզու տեղեկատվության անհրաժեշտությունը եւ ներկայացրեց այդ տեղեկատվությամբ ինտերնետը համալրելու միջոցները:
Ուշագրավ էին Բարքեմփի Եվրոպայից ու Ռուսաստանից ժամանած հյուրերի պրեզենտացիաները տեխնոլոգիաների զարգացման եւ լրատվամիջոցների կողմից սոցիալական մեդիաների օգտագործման ուղղությունների, ինտերնետի օգտագործման նորարարությունների եւ աշխարհում տեղի ունեցող այլ զարգացումների մասին։
«Բարքեմփը միշտ անցնում է ջերմ մթնոլորտում. մեծամասնությունը ճանաչում են միմյանց, եւ ժպիտները, գրկախառնություններն ու ձեռքսեղմումները նրանց ուղեկցում են միջոցառման ողջ ընթացքում: Արդեն սկսել եմ մտածել հաջորդ տարվա պրեզենտացիայի մասին»,-ասում է Լուսինեն: