Միգրացիայի պատկերը հայաստանյան մեդիայում

Վերապատրաստում և դրամաշնորհներ՝ միգրացիայի խնդիրներով հետաքրքրված լրագրողների, վլոգերների, փոդքասթերների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը սկսում են «Միգրացիայի պատկերը հայաստանյան մեդիայում» ուսումնական ծրագիրը, որի նպատակն է աջակցել հայաստանյան մեդիայում միգրացիային առնչվող խնդիրների բազմակողմանի և որակյալ լուսաբանմանը։

Ի՞նչ է նախատեսվում 

Ծրագիրն առաջարկում է վերապատրաստում, թեմատիկ վորքշոփեր, մասնագիտական խորհրդատվություն և դրամաշնորհային աջակցություն՝ լրագրողական նյութեր և նախագծեր պատրաստելու համար։

  • Դասընթաց

Ծրագիրը սկսվելու է եռօրյա վերապատրաստման դասընթացով, որը կկազմակերպվի 2022-ի մարտի 17-19-ը, Երեւանից դուրս։

Դասընթացը կօգնի մասնակիցներին ավելի լավ հասկանալ Հայաստանին առնչվող միգրացիոն խնդիրներն ազգային և միջազգային համատեքստում՝ տնտեսական շահեր, շարժեր,  ժողովրդագրություն, պետական քաղաքականություն, հասարակական ընկալումներ և այլն։ Կդիտարկվեն միգրացիայի լուսաբանման տեղական և միջազգային օրինակներ՝ փաստարկված, հավասարակշռված և էթիկապես զգայուն լրագրության տեսակետից, կքննարկվեն մասնակիցների առաջարկած թեմաները, գաղափարները և փորձագետների դիտարկումներն ու առաջարկները դրանց վերաբերյալ։

  • Դրամաշնորհներ

Ծրագրի 2-րդ փուլում դասընթացի մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ միգրացիայի թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու համար։  Կտրամադրվի մինչև 15 դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ մոտ 300,000 դրամ գումարով։

  • Խորհրդատվություն և կարճ վորքշոփեր

Ծրագրի շրջանակում կանցկացվեն կարճ վորքշոփեր, որոնք կօգնեն մասնակիցներին ավելի լավ նախապատրաստել դրամաշնորհային առաջարկները, գտնել իրենց նյութերին հարմար ձևաչափեր, լուծումներ։ Կտրամադրվի նաև անհատական խորհրդատվություն։

Ո՞ւմ է հասցեագրված ծրագիրը   

  • տարբեր լրատվամիջոցներում աշխատող և/կամ ազատ լրագրողների, որոնք հետաքրքրված են միգրացիայի խնդիրներով,
  • վլոգերների, փոդքասթերների, սոցիալական ցանցերում մեդիա բովանդակություն ստեղծող մարդկանց, որոնք անդրադառնում են միգրացիային առնչվող խնդիրներին։

Ինչպե՞ս մասնակցել

Եթե ցանկանում եք ընդգրկվել ծրագրում, լրացրեք հետևյալ առցանց հայտը մինչեւ 2022-ի մարտի 6-ը՝ ներառյալ։  

Մասնակիցների ընտրությունը կատարելու է Միգրացիայի միջազգային կազմակերպության, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։

Ծրագրի մասին այլ մանրամասների և լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին,  010 58 36 20; [email protected]։



1 Comment

  • Բարև:
    Կարևորում եմ ծրագիրը. դասընթացը թույլ կտա առավել մանրամասն հասկանալ միգրացիոն խնդիրները և այս հարցից բխող նրբությունները: Իսկ երկրորդ փուլը՝ դրամաշնորհը հնարավորություն կընձեռնի լուսաբանել թեման հայկական իրողությունների համատեքստում, կիրառելով վերապատրաստման գիտելիքները և հմտությունները:
    Շնորհակալություն:

Leave a Reply