- March 7, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, մեդիագրագիտությունը դիտարկելով որպես առաջնահերթ ու կարևոր ուղղություն, վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կրթության մեջ այն ներդնելու և թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ:
Դպրոցներում մեդիագրագիտության նոր ծրագրերի իրականացումը խթանելու նպատակով ՄՆԿ-ն հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի չափն է առավելագույնը 250,000 դրամ, կտրամադրվի մինչև 5 դրամաշնորհ։ Դիմել կարող են ՀՀ դպրոցներում աշխատող և ՄՆԿ մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացի վկայական ունեցող ուսուցիչները, ովքեր մտադիր են մեդիագրագիտության նախագիծ իրականացնել դասընթացի, խմբակի կամ այլ ձևաչափով:
Ծրագիրը պետք է հիմնված լինի ՄՆԿ-ի պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի վրա, սակայն խրախուսվում է նոր մոտեցումների, լրացուցիչ նյութերի, այլընտրանքային ձևաչափերի ու մեթոդների օգտագործումը: Ծրագրի ավարտին աշակերտները պետք է իրականացնեն գործնական/նախագծային աշխատանք՝ կիրառելով ստացած գիտելիքը՝ տեսանյութ, հետազատություն, միջոցառում, օնլայն մեդիա արշավ, դպրոցական թերթ և այլն:
Ներկայացվող նախագծերը պետք է իրականացվեն 2018թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և ունենան նախադրյալներ՝ դրամաշնորհի ավարտից հետո ևս շարունակվելու:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ մինչև մայիսի 11-ը՝
– լրացված հայտադիմում,
– մանրամասն բյուջե (որը մինչև 250,000 դրամի շրջանակներում կարող է ներառել, օրինակ, ուսուցչի հոնորար, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ծախսեր, այցելություն որևէ լրատվամիջոց, հետազոտական կամ այլ ուսումնական աշխատանքի համար անհրաժեշտ այլ ծախսեր),
– տնօրենի գրավոր համաձայնությունը՝ ներկայացվող նախագիծը դպրոցում իրականացնելու համար,
– ուսուցչի՝ ՄՆԿ վերապատրաստման մասնակցության վկայականը:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքն ու տեղեկատվությունը հասկանալու, վերլուծելու, ստուգելու, մեդիայից օգտվելու կարողությունն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը 2017թ ստորագրած հուշագրով երկուստեք կարևորել են մեդիագրագիտության ներառումը դպրոցական ծրագրում, քանի որ 21-րդ դարում ապրող քաղաքացու համար դա կենսական գիտելիք է:
Հարցերի դեպքում գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին՝ 010 583620 հեռախոսահամարով:
Դրամաշնորհը տրամադրվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: