- February 24, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Պարզաբանելով ժողովրդավարությունը. իրազեկման նախաձեռնություն
Նպատակ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) hայտարարում է մրցույթ լրագրողների համար, որի նպատակն է եվրոպական ժողովրդավարական համակարգերի, սկզբունքների, արժեքների, ընձեռնվող հնարավորությունների մասին հանրության իրազեկումը՝ տարբեր ձեաչափերով, մատչելի, գրավիչ, մարդակենտրոն մեդիա բովանդակության միջոցներով։
Մրցույթն անց է կացվում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։
Նախագծի մասին
Մրցութային առաջարկները կարող են վերաբերել գործող ինստիտուտներին, ավանդույթներին, հասարակության բարեկեցության հիմքերին, մարդու իրավունքներին, արդարությանն ու արդարադատությանը, պատմական իրադարձություններին եւ եվրոպական ժողովրդավարությունը ձևավորած առանցքային դեմքերին և այլ ոլորտների՝ շեշտադրելով ինչպես Եվրամիության, այնպես էլ առանձին երկրների՝ հատկապես Նիդերլանդների փորձը:
Ծրագրին մասնակցելու համար կընտրվի 10 լրագրող մայրաքաղաքից և մարզերից։ Նրանք կմասնակցեն նախնական երկօրյա աշխատարանի, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն գործողությունների պլանավորումը, աշխատանքի մեթոդաբանությունը, կհստակեցվեն և կհաստատվեն թեմաները, նյութերի հրապարակման ժամանակացույցը, և այլ հարցեր։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա հեղինակել տարբեր ձևաչափերով 1-2 նյութ։ Աշխատարանի ընթացքում կանցկացվեն նաև դասախոսություններ և քննարկումներ լրագրողական հետազոտությունների թեմայով, ինչպես նաև՝ մոտեցումների, ժանրերի, ձևաչափերի մասին։ Ծրագրի ընթացքում լրագրողները կստանան խորհրդատվություն, կմասնակցեն թեմատիկ դասընթացների:
Մեկ նյութի համար հոնորարի չափը կախված կլինի աշխատանքի ծավալից, սակայն չի գերազանցի 520.000 ՀՀ դրամը՝ ներառյալ հարկերը։
Ծրագրի մասնակիցները աշխատելու են ժամանակավոր խմբագրության ձևաչափով՝ անցնելով նյութերի ընտրության, հաստատման, խմբագրման և հրապարակման փուլերը։ Հեղինակած նյութերը հրապարակվելու են ընդհանուր խորագրի ներքո գործընկեր լրատվամիջոցներից մեկի միասնական հարթակում։ Նյութերի պատրաստումը ենթադրում է հետազոտական աշխատանք, հնարավոր առցանց հարցազրույցներ։ Ծրագիրը արտերկիր գործուղում չի ենթադրում, սակայն հնարավոր են բացառություններ։
Թեմաներ
Ծրագիրը ենթադրում է թեմաների և ոլորտների լայն ցանկ՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և թափանցիկություն, քաղաքական համակարգ, կրթություն, անվտանգություն, քաղաքային զարգացում, եվրոպական կառավարման և միջազգային կառույցների քաղաքականություն և պատմություն, տեղական իշխանություն, բնապահպանություն, առողջապահություն, խոցելի խմբեր, տեղահանված մարդիկ, կանայք և երեխաներ, կրթություն, մամուլ և այլն։ Նախընտրությունը կտրվի առաջարկված թեմայի հանրային հետաքրքրությանն ու արդիականությանը հայաստանյան համատեքստում, ինչպես նաև՝ առաջարկված ներկայացման ձևերին:
Ժանրեր և ձևաչափեր
Առաջարկվող բովանդակությունը կարող է լինել դիմորդի նախընտրած ձևաչափով և ժանրով։ Դիմորդները պետք է հիմնավորեն ձևաչափի ընտրությունը՝ հաշվի առնելով թեմայի յուրահատկությունը, առկա ռեսուրսները, և գործընկեր լրատվամիջոցի հնարավորությունները։
Ովքե՞ր կարող են դիմել
Մրցույթին կարող են դիմել տարբեր մեդիա բովանդակություն ստեղծող լրագրողները, որոնք հետաքրքրված են Եվրամիության և առանձին երկրների համակարգերով, արժեքներով, զարգացման միտումներով, ինչպես նաև Հայաստանի հանրությանը Եվրոպայի մասին խորքային տեղեկություն տրամադրելուվ, և կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերը պահպանող լրագրությունը։ Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 5 տարվա փորձ,
- եվրոպական խնդիրների իմացություն, նմանատիպ թեմաների լուսաբանման փորձ,
- անգլերենի կամ ԵՄ մեկ այլ լեզվի իմացություն,
- լրագրողական ուսումնասիրության մեթոդների իմացություն փորձ,
- համագործակցության պատրաստակամություն և մոտիվացիա։
Ընտրությունը կիրականացնի հանձնաժողովը՝ բաղկացած ծրագրի կազմակերպիչներից և անկախ փորձագետներից։
Դիմելու կարգը
Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական հայտերը կմերժվեն։ Հայտերն ուղարկել Արևիկ Կիրակոսյանին [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ մրցույթ»։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է, 23:30։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտը կարող եք ներբեռնել այստեղ
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով՝
№ | Չափանիշ | Միավոր |
1 | Գաղափարի / նախնական թեմայի կարևորությունը, յուրահատկությունը, հստակությունը | 20 |
2 | Հեղինակային մոտեցումները, նորարարությունը, ձևաչափերի ընտրությունը, պատմության կառուցվածքը, հետազոտական աղբյուրների մասին պատկերացումը, գրավչությունը | 15 |
3 | Առաջարկվող բովանդակության արդիականությունը Հայաստանյան համատեքստում | 10 |
4 | Իրագործելիությունը | 5 |
Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել և փոփոխել առաջարկները։
Պարզաբանումներ դիմորդներին
Մրցույթի հրավերի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում ՄՆԿ-ը կկազմակերպի առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված դիմորդների համար։ Կենտրոնի թիմը կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի դիմորդների հարցերին։ Հանդիպման հղումը դիմորդներին կուղարկվի առանձին։
Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Վիգեն Սարգսյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով: