Media.am-ը նոր բովանդակությամբ և նոր տեսքով

Որո՞նք են այսօրվա մեդիա դաշտի որակական առանձնահատկություններն ու խնդիրները, ի՞նչ առաջընթաց կա, ի՞նչն է լավ եւ ի՞նչն է վատ լրատվամիջոցների աշխատանքում, զարգացման ի՞նչ փուլում են գտնվում հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր եւ առցանց մամուլը, սոցիալական մեդիաները, ինչպե՞ս են աշխատում լրագրողները, ինչպիսի՞ն է բուհական կրթությունը. այս եւ շատ այլ հարցերի պատասխաններն են փորձում գտնել Media.am նորացված կայքի հեղինակները:

Լինելով Հայաստանի մեդիա դաշտի առաջին սերնդի կայքերից մեկը (գործում է 2001 թ.-ից)` Media.am-ի արտաքին տեսքը մի քանի անգամ փոխվել է, ավելացել են նոր բաժիններ, փակվել են հները: Այնուամենայնիվ, կայքը եղել է եւ կա ռեսուրս լրագրողների մասին ու լրագրողների համար: Վերջին վերափոխության նպատակն է ընթերցողներին ներկայացնել մեդիա դաշտի վերլուծություններ` ինչպես լրագրողներին, այնպես էլ սովորական մարդկանց արտահայտվելու հնարավորություն ընձեռելով:

Այսպես, Քննադատ բաժնում մեդիա փորձագետները խոսակցություն են ծավալում Հայաստանում եւ աշխարհում մեդիա միտումների ու զարգացումների մասին, իսկ Vox Populi-ում սովորական մարդիկ, որպես մեդիա սպառողներ, քննարկում եւ քննադատում են մեդիան: Ընթերցողները հոդվածները քննարկում են ինչպես կայքում, այնպես էլ Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում:

Media.am-ը ներկայացնում է ոլորտի նորություններն ու իրադարձություններըհարցազրույցներ տեղացի ու միջազգային փորձագետների հետ, մասնագիտական օգտակար ռեսուրսներ լրագրողների եւ ուսանողների համար, դասընթացների, մրցույթների եւ աշխատանքի հայտարարություններ:

Ուշագրավ է «Ցանցառներ» ռադիո նախագիծը, որը պատմում է շաբաթվա ընթացքում սոցիալական մեդիաների ու բլոգերների ուշադրության կենտրոնում գտնվող հրատապ հարցերի, լրագրողների ու սովորական մարդկանց համար նախատեսված նոր ինտերնետային ծրագրերի, ինտերնետում աշխատողների ու իրենց կյանքը ինտերնետում անցկացնողների, այլ կերպ ասած ցանցառների մասին: