- July 6, 2020
- Posted by: admin
- Category: Նորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնը։
Այսօր, երբ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, մեդիան ողողված է ապատեղեկատվության վարակով, որը ստացել է լրավարակ անվանումը․ կեղծ տեղեկությունը, մոլորեցնող նյութը, բռնության ու ատելության քարոզը, բամբասանքը նույնպես կարող են վարակիչ լինել։ Մենք ստիպված ենք զգուշավոր լինել լրավարակի ժամանակ, վերանայել լրատվությունը սպառելու և տարածելու վարքագծի կանոնները, որդեգրել տեղեկատվական հիգիենայի նոր սովորություններ։
«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության փառատոնի նպատակն է մի քանի ամիս տևող օնլայն տեղեկատվական արշավի, դասընթացների, դիտումների, քննարկումների և այլ միջոցառումների օգնությամբ հանրությանը փոխանցել հմտություններ և տեղեկություններ լրատվությունը հասկանալու, կեղծն ու հավաստին տարբերելու, ստուգելու, մանիպուլյացիաներից խուսափելու, որակյալ լրագրությունը գնահատելու վերաբերյալ՝ ներգրավելով մարդկանց մեդիագրագիտության թեմայով հանրային քննարկման մեջ։
Փառատոնի մաս է հանդիսանալու նաև տեղեկատվական արշավը։ Գալիք ամիսների ընթացքում սոցիալական հարթակներում կտարածվեն մեդիագրագիտության թեմայով օգտակար հոդվածներ, ֆիլմեր, հոլովակներ, ինտերակտիվ հարցումներ և խաղեր։
«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնի կանցկացվի Երևանում և ՀՀ ութ մարզերում․
? Տավուշ՝ հուլիսի 15,
? Շիրակ՝ հուլիսի 16,
? Արագածոտն՝ հուլիսի 17,
? Սյունիք՝ հուլիսի 20,
? Արմավիր՝ հուլիսի 21,
? Լոռի՝ հուլիսի 22,
? Վայոց ձոր՝ հուլիսի 23,
? Գեղարքունիք՝ հուլիսի 24
«Դիմակահանդես լրավարակի ժամանակ» մեդիագրագիտության առցանց փառատոնի նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #դիմակահանդես հեշթեգը:
Փառատոնն իրականացվում է «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը և Մեդիայի զարգացման հիմնադրամը (Վրաստան)՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Փառատոնին աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։
Շնորհակալություն, շատ հետաքրքիր նախաձեռնություն է:
Ցանկանում եմ մասնակցել առցանց փառատոնին
Սիրով կմասնակցեմ
Հետաքրքիր է
Բարև Ձեզ։Ես կարող եմ Ձեզ միանա՞լ
Մեդիագրագետ լինելը շատ կարևոր է, գոնե դու ինքդ քեզ համար կարողանաս ճկշտ և կեղծ լրահոսը տարբերակել, հետաքրքիր և չկրկնվող նախագիծ է , իսկ փառատոնի թեման՝ “Դիմակահանդես լրավարակի ժամանակ”,ահավոր մոտիվացնող է, սիրով կմասնակցեմ։
Սիրով կմասնակցեմ
Բարև Ձեզ։Շատ կցանկանամ մասնակցել։