- September 27, 2013
- Posted by: admin
- Category: Նորություններ
Սեպտեմբերի 26-ին Գյումրիում բացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» ինտերակտիվ մեդիա թանգարանի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը: «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղակայված ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը եւ վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը:
«Սա ոչ թե երկրաշարժի մասին ցուցահանդես է, այլ լրագրողի աշխատանքի, լրագրողի եւ հասարակության հարաբերության եւ այն սխրանքի մասին, որը պահանջվում է լրագրողից, եւ որը Աստծո կամոք երբեմն հաջողվում է կատարել, երբեմն՝ ոչ»,- ասում է «Լրատուն» նախագծի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը:
«Այս ցուցահանդեսը որոշակի լրագրողական հետաքննության արդյունք է. ներկայացված են լուսանկարիչների, լրագրողների, ֆիլմերի հեղինակների հետ հարցազրույցներ, հեռուստատեսային ռեպորտաժներ, չլուսաբանված արխիվային նյութեր: Երկրաշարժի օրինակով կարող ենք հասկանալ, թե ինչ կարող էին կատարել այն ժամանակվա լրատվամիջոցները»,- շարունակում է Վահրամ Մարտիրոսյանը:
«Լրատան» հայեցակարգը հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Ցուցահանդեսի հպէկրանները (touchscreen) ներկայացնում են հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների և լուսանկարիչների հետ, որոնք պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը, ինչ է մնացել կադրից դուրս»։
Բացի թեմատիկ ցուցահանդեսից, «Լրատուն»-ը ունի ընդhանուր մեդիագրագիտության բաժին, որը ցուցահանդեսի այցելուներին, մասնավորապես ավագ տարիքի դպրոցականներին և ուսանողներին, կօգնի վերլուծաբար ու քննադատաբար ընկալել բազմաբնույթ տեղեկատվությունը: Ներկայացված խաղերի, թեսթերի, առաջարկվող գործնական փորձերի միջոցով «Լրատան» այցելուները կծանոթանան լրագրողի և լրատվամիջոցների աշխատանքի առանձնահատկություններին։
«Անչափ տպավորված եմ: Նորից վերապրեցի այդ ամենը: Երկրաշարժի միջով անցած մարդու համար այս ամենը տեսնելը կողքից դիտողի, լրագրողի աչքերով, իրոք, ահավոր ցնցող էր»,- ասաց թանգարանի այցելու, 35-ամյա գյումրեցի Սոֆյա Մարտիրոսյանը:
«Լրատուն» մեդիա թանգարանի ցուցահանդեսը Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում կցուցադրվի մինչեւ հոկտեմբերի 2-ը: Շրջիկ մեդիա թանգարանը կայցելի նաեւ Վանաձոր (հոկտեմբերի 5-15), Մարտունի (հոկտեմբերի 15-19) եւ Կապան (հոկտեմբերի 22-27):