Lրադադար. Հրապարակային նիստերը փակ դռների հետևում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մարտի 2-ին ժամը 17:00-ին հրավիրում է «Լրադադար» ակումբ՝ մասնակցելու «Հրապարակային նիստերը փակ դռների հետևում» թեմայով քննարկմանը:

Տարբեր պետական կառույցներ խստացնում են լրագրողների ազատ տեղաշարժվելու ու աշխատելու իրավունքը և հրապարակային նիստերը նախընտրում են անցկացնել դռնփակ:

Կառավարությունում հավատարմագրված լրագրողներն այլևս հնարավորություն չունեն կառավարության մամուլի սրահում տեղադրված մեծ էկրանին հետևել նիստերի ընթացքին:

Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն է որոշել կանոնակարգել լրագրողների աշխատանքը վարչական շենքում: Այսուհետ լրագրողները իրավունք չեն ունենա ներկա գտնվել ավագանու նիստերի սրահում, իսկ նիստերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե դրա կարիքը զգա նիստերի վարողը:

Լրագրողական կազմակերպություններն սա համարեցին լրագրողի աշխատանքի սահմանափակում, քանի որ փակ դռների հետևում կարևոր հանրային որոշումներ ընդունելու փաստը պետական կառույցներին պակաս հաշվետու է դարձնում:

Մենք կազմակերպում են հանդիպում՝ լրագրողների, իրավաբանների, փորձագետների հետ քննարկելու համար լրագրողական համայնքի խնդիրներն ու դիմակայման ուղիները:

Քննարկման հիմնական կետերն են՝
– ով է շահում, երբ հրապարակային նիստերը դառնում են դռնփակ,|
– տեղեկացված լինելու հանրային իրավունքը ստորադասվում էպետական ծառայողների հարմարավետությանը,
– լրատվամիջոցների համախմբման հնարավորությունները:

Քննարկումը կտևի մեկուկես ժամ և բաց կլինի լուսաբանման համար, եթե բանախոսները նախապես համաձայն լինեն: Մուտքն ազատ է թեմայով հետաքրքրված այլ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Սպասում ենք ձեզ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3ա, վերջին հարկ:


«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձևաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:


Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: