- May 22, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության մուլտիմեդիա լրագրող Կարինե Սիմոնյանը երրորդ անգամ էր այցելում Թուրքիա: Նախորդ երկու այցելությունները նույնպես գործնական էին, սակայն ժամանակը սահմանափակ էր եւ սոցիալական կապեր համարյա չհաջողվեց հաստատել: Այս անգամ բացը լրացվեց: «Ես եղա գրեթե ամենուր եւ սերտ կապեր հաստատեցի ոչ միայն պաշտոնյաների ու փորձագետների, այլեւ սովորական մարդկանց հետ`լսելով նրանց կարծիքը տարբեր հարցերի մասին»,- ասաց Կարինեն Թուրքիա կատարած մեդիա շրջայցից հետո:
Մեդիա շրջայցը տեղի ունեցավ ապրիլի 18-ից մայիսի 19-ը «Ինտերնյուս»-ի «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության հաստատում» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին հայաստանյան հինգ լրատվամիջոցների՝ Հետք ու Արմենիա նաու օնլայն եւ Առավոտ ու 168 Ժամ պարբերականների, Ազատություն ռադիոկայանի լրագրողներ:
Հինգ շաբաթ շարունակ նրանք ուսումնասիրեցին Թուրքիայի սոցիալական ու քաղաքական կյանքը, մշակույթն ու պատմությունը, այցելեցին պետական ու հասարակական կառույցներ, հանդիպեցին քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչների, գործարարների եւ սովորական մարդկանց: Շրջայցի ընթացքում լրագրողները շարունակում էին աշխատանքը իրենց լրատվամիջոցներում։ Արդյունքում հրապարակվեց ֆոտո, վիդեո եւ աուդիո ձեւաչափերով 118 լուր ու ակնարկ Թուրքիայի կրթական, մշակութային, քաղաքական ու տնտեսական զարգացումների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, հայ համայնքի կյանքի, ցեղասպանությանը նվիրված միջոցառումների եւ բազմաթիվ այլ թեմաների մասին՝ լայն արձագանք ստանալով ընթերցողների շրջանում: Օրինակ, Կարինե Սիմոնյանի՝ Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման մասին ակնարկի մեկնաբանությունների թիվը հասավ 700-ի:
Կարինեն պատմում է, որ Հայաստան վերադառնալուց հետո Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայության տնօրենը կես կատակ, կես լուրջ ակնարկեց, որ շատ լավ կլիներ, եթե նա լիներ ռադիոկայանի թղթակիցը Թուրքիայում. այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների բազմակողմանի ու երկարաժամկետ լուսաբանումը կարեւոր է խմբագրության համար:
Ներկայացնում ենք մեդիա շրջայցի մասնակից հայ լրագրողների մի քանի հոդվածներ մեր ընտրությամբ.
- «Ապտակն ինձ ժողովրդականություն բերեց, որովհետև ընկճվածների սրտով էր»
- «Մենք հայերի հիշողություններն ախոռ էինք դարձրել»,- ասում է թուրք ֆոտոլրագրող Էրհան Արիկը
- Հայաստանցիները Ստամբուլում. Հայաստանից Թուրքիա ներգաղթածները յուրովի կարոտախտ են զգում
- Հայկական օազիս՝ Պոլսում
- Նոյան Սոյակ.«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կարող է հասնել 500 միլլիոն դոլարի»