- July 25, 2016
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Ես եմ մեդիան, որովհետև բոլոր հնարավոր միջոցներով փորձում եմ կոտրել կարծրատիպերը ու լինել այնպիսին, ինչպիսին կուզեի լինեին բոլորը՝ շնորհիվ մեդիայի: Կուզեի մեր մեդիան տեսնել ազատ, անկախ, բոլոր տեսակի կաղապարներից դուրս ու ճշմարիտ»,- ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Հայկուհի Գրիգորյանը՝ «Ես եմ մեդիան» մրցույթի այս տարվա հաղթողը:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ անգամ է անցկացնում «Ես եմ մեդիան մրցույթը»՝ այս անգամ մասնակիցներին առաջարկելով աշխատանքներ ուղարկել 5 թեմաներով՝
Ես վստահում եմ /չեմ վստահում լրատվամիջոցներին
Ես նայում եմ աշխարհին մեդիայի միջոցով
Ես հաղորդում եմ պատրաստում
Ես՝ պատերազմական լրատվության ու քարոզչության խաչմերուկում
Ես եմ մեդիան
Մրցույթին ներկայացված 18 հայտերից մրցանակների են արժանացել լավագույն 4 աշխատանքների հեղինակները:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իր լրագրողական փորձի և անձնական ապրումների մասին էր գրել 2-րդ մրցանակին արժանացած Մարիամ Մկրտչյանը:
Մյուս մրցանակակիրներն ընտրել էին «Ես եմ մեդիան» խորագիրը՝ յուրաքանչյուրն իր ձևով ընկալելով ու ներկայացնելով մեդիայի «կերպարը», դերն ու անելիքը ժամանակակից հասարակությունում:
3-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Քրիստինե Սոլոյանը: «Ես եմ մեդիան» մրցույթի խրախուսական մրցանակը բաժին ընկավ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սուրեն Ստեփանյանին:
«Ես եմ մեդիան» մրցույթը հնարավորություն է ուսանողների համար՝ խորհելու և պատմելու իրենց կյանքում մեդիայի դերի, լրագրողների ու լրատվամիջոցների աշխատանքի մասին:
ՄՆԿ-ի մեդիագրագիտության նախագծերը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մաս են, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Այս տարի հաղթողների մրցանակների համար աջակցություն են ցուցաբերել նաև «Յուքոմ» ընկերությունը, «Բարքեմփ Երևան» նախաձեռնությունը, «Զանգակ» հրատարակչությունը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն։
«Ես եմ մեդիան» մրցույթի հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am-ի Vox Populi բաժնում: