Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է բովանդակության ստեղծման և ռազմավարական զարգացման դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար` խթանելու հասարակական հետաքրքրություն ունեցող թեմաների քննարկումը և ամրապնդելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների կայունությունն ու կենսունակությունը։

Ստեղծվող լրագրողական նյութերը պիտի միտված լինեն լրացնելու տեղեկատվական բացերը և լսարանին ապահովելու խորքային վերլուծությամբ, փաստահեն ու տվյալահեն վստահելի տեղեկատվությամբ, որ կօգնի մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել հաշվի առնելով այդ թվում 2026թ․ խորհրդարանական ընտրություններին նախորդող կարևոր փուլը։

Դրամաշնորհային նախագծերի շրջանակում ստեղծվող բովանդակությունը ժանրերի և ֆորմատների լայն ցանկ է ենթադրում՝ լուծումների լրագրություն, հետաքննություններ, մարդկային պատմություններ, հատուկ ռեպորտաժներ, կարճ տեսանյութեր սոցիալական ցանցերի համար (reels), մուլտիմեդիա ձևաչափեր և այլն։ Լրատվամիջոցները կարող են դիմել ինչպես իրենց արդեն կայացած ձևաչափը շարունակելու և բարելավելու, այնպես էլ նոր թեմատիկ շարքի ֆինանսավորման համար։ Առաջարկվող բովանդակության կոնցեպտը պետք է լինի մանրամասն մշակված, հստակ, իրագործելի և չափելի։

Միաժամանակ, գովազդային շուկայի փոխակերպումների ու մեդիայի ֆինանսավորման սղության պայմաններում, լրատվամիջոցների երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար, մրցույթը հնարավորություն է տալիս տրամադրվող ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ ուսումնասիրել և փորձարկել նորարարական բիզնես լուծումներ ու մոնետիզացիայի մեխանիզմներ՝ ձգտելով հասնել ֆինանսական աղբյուրների բազմազանության։

Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է երկու լոտով՝

Լոտ 1․ Բովանդակության ստեղծում և բիզնես զարգացում

Նախագծի տևողությունը – առավելագույնը 5 ամիս։

Յուրաքանչյուր նախագծի բյուջեն – 20,000,000-ից մինչև 30,500,000 դրամ։

Լրատվամիջոցները ծրագրի ընթացքում հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը, ինչպես նաև կստեղծեն նոր բովանդակություն տարբեր ձևաչափերով։ Արտադրվող նյութերի ընդհանուր քանակը պետք է լինի առնվազն 40։

Զուգահեռ, դրամաշնորհ ստացող լրատվամիջոցները կմշակեն կազմակերպության բիզնես պլան և դրան կից գործողությունների պլան՝ միջազգային և տեղացի փորձագետների աջակցությամբ, հնարավորության դեպքում՝ կփորձարկեն մշակված մոտեցումներ/գործիքներ։

Լրատվամիջոցների ղեկավարների և որոշում կայացնողների մասնակցությունը ծրագրի փորձագետների հետ աշխատանքում պարտադիր պայման է։ Խրախուսվում է նաև, որ դիմորդները հայտերում նախատեսեն մարկետինգի ու ֆոնդահայթայթման գծով վերապատրաստումներ իրենց թիմերի համապատասխան առկա կամ նոր անդամների համար։

Լոտ 2․ Ռազմավարական նշանակություն ունեցող բովանդակության ստեղծում

Նախագծի տևողությունը – առավելագույնը 12 ամիս։

Յուրաքանչյուր նախագծի բյուջեն – 6,500,000-ից մինչև 9,000,000 դրամ։

Լրատվամիջոցները կիրականացնեն իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող լրագրողական նախագիծ, որը շահեկանորեն կառանձնացնի իրենց մեդիա դաշտում՝ ապահովելով մրցակցային դիրք։ Ստեղծվող նյութերի քանակի սահմանափակում չկա։

Միաժամանակ ակնկալվում է մշակել ներկայացվող բովանդակությունը շուկայում մրցակցային առավելության վերածելու և լրատվամիջոցի համար լսարանի ու եկամուտների աճ ապահովելու պլան։

Ընդհանուր պայմաններ

Դրամաշնորհառու բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները 2025թ-ի աշնանը կմասնակցեն ՄՆԿ-ի կազմակերպած բիզնես կառավարման և մոնետիզացիայի  դասընթացին, իսկ լոտ 1-ի դրամաշնորհառուները կստանան նաև մենթորական աջակցություն բիզնես պլանի և գործողությունների պլանի մշակման համար։

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված անկուսակցական ու անկողմնակալ բոլոր լրատվամիջոցները, որոնք ոչ միայն կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը, այլև ձգտում են ֆինանսական կայունության, հետաքրքրված են զարգացնելու բիզնես մոդելներ ու կիրառելու բովանդակության մոնետիզացիայի ժամանակակից գործիքներ։ Դիմորդները պետք է միացած լինեն ինքնակարգավորման որևէ նախաձեռնության կամ ունենան էթիկայի կանոնագիր և դրա կիրառման կանոնակարգը։

Լոտ 1-ի դիմորդների համար․

  • Լրատվամիջոցի տարեկան ֆինանսական շրջանառությունը չի կարող պակաս լինել ակնկալվող դրամաշնորհի չափից։
  • Բիզնես զարգացման նախկին փորձը և հնարավոր առկա փաստաթղթերը (կարիքների գնահատում, ինստիտուցիոնալ զարգացման ծրագիր, բիզնես պլանի մշակում) կդիտվեն որպես առավելություն։

Մրցույթի բյուջեն

Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են լոտ 1-ի դեպքում 155,000,000 և լոտ 2-ի դեպքում՝ 20,000,000 ՀՀ դրամ։ Այդուհանդերձ, ՄՆԿ-ն իրավունք ունի չտրամադրել ամբողջ բյուջեն, եթե ներկայացված առաջարկները չհամապատասխանեն դրամաշնորհային ծրագրի պահանջներին և չընտրվեն հանձնաժողովի անդամների կողմից։

Դիմելու կարգը

Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի՝

  • նախագծի առաջարկ (2 լոտերի ձևաթղթերը կցված են),
  • մանրամասն բյուջե (2 լոտերի ձևաթղթերը կցված են)
  • Տարեկան բալանսը փաստող փաստաթուղթ (միայն լոտ 1-ի համար)

 Ուշադրություն․ լոտ 1-ի ու լոտ 2-ի ձևաթղթերը տարբեր են։

Ձևաթղթերը հասանելի ենք այս հղումով։

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական (տես նախորդ պարբերությունը) հայտերը կմերժվեն։

Հայտերն ուղարկել Աստղիկ Քեշիշյանին` [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ռազմավարական զարգացման դրամաշնորհների մրցույթ․ Լոտ 1» կամ «Ռազմավարական զարգացման դրամաշնորհների մրցույթ․ Լոտ 2»։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ-ի հոկտեմբերի 27-ն է, 14։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով (առավելագույնը՝ 50 միավոր)՝

Չափանիշ Միավոր
1 Առաջարկվող բովանդակության գաղափարի/թեմայի կարևորությունը, արդիականությունը, յուրահատուկ հեղինակային մոտեցումները, նոր գործիքների, հարթակների օգտագործումը 15
2 Լրատվամիջոցի դիրքը դաշտում, բովանդակություն ստեղծելու կարողությունը (նախկին փորձը, հավասարակշռված, փաստարկված լուսաբանում, էթիկական նորմերի պահպանում և այլն) 10
3 Լրատվամիջոցի կամ նախագծի ռազմավարական զարգացման տեսլականը  (հիմնավորում, իրագործելիություն, չափելիություն, նախկին փորձ) 10
4 Իրագործելիությունը և կայունությունը 5
5 Բյուջեի հստակությունը, խելամտությունը, փաստարկված լինելը 10

Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել առաջարկները։ Հայտերը վերջնականացնելուց հետո ընտրված թեկնածուների հետ կկնքվեն պայմանագրեր։

Պարզաբանումներ դիմորդներին

Մրցույթի առցանց տեղեկատվական հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 17-ին, 11։00, բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են միանալ հանդիպմանը այս հղումով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմը կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի նրանց հարցերին։

Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Արշալույս Մուրադյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով:


Մրցույթն անցկացվում է «Դիմակայուն ձայներ հանրային նշանակության մեդիայի հզորացում 2026թ ընտրություններին ընդառաջ» և «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրերի շրջանակներում: Մրցույթը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման գործակալության աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից և համաֆինանսավորում է Եվրոպական միության կողմից։



Leave a Reply