- November 22, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
«Եթե Ղարաբաղի եւ Ադրբեջանի երիտասարդները կարողացել են միասին աշխատել, ապա հնարավոր կլինի վերականգնել կոտրված կամուրջները»,- այսպես է արտահայտվել Վանաձորի բնակիչներից մեկը «Կինոերկխոսություններ» ծրագրի ֆիլմերը դիտելուց հետո:
Վավերագրական ֆիլմերն արտացոլում են հույսն ու մտավախությունը, տխրությունն ու հումորը այն սերնդի, որի կյանքի վրա իր հետքն է թողել պատերազմը, բայց նրանք չեն հանձնվել. դեռ հուսով են, որ մի օր խաղաղությունը կհաստատվի։ 21 ֆիլմերի մի մասը պատրաստել են Ղարաբաղի երիտասարդ հայերը, մյուսները՝ երիտասարդ ադրբեջանցիները, իսկ կան ֆիլմեր, որոնք պատրաստվել են համատեղ։
Ավելի քան մեկ տարվա ընթացքում «Ինտերնյուս»-ը նշված ֆիլմերի դիտումներն անցկացրեց Հայաստանի 23 բնակավայրերի տարբեր տարիքի, զբաղմունքի եւ ղարաբաղյան հակամարտության մասին տարբեր գիտելիքներ ունեցող 700 քաղաքացիների շրջանում: Նպատակն էր հակամարտության լուծման ուղիների եւ խաղաղության գործընթացի մասին քննարկումների խթանումը: Մասնակիցները քննարկում էին ինչպես ֆիլմերում արահայտված կոնկրետ պատմություններ, այնպես էլ խաղաղության ու պատերազմին, ագրեսիվությանը ու տոլերանտությանը, ինքնաբնութագրություններին ու ստերեոտիպերին առնչվող հարցեր, հաշտության ու կողք-կողքի ապրելու հեռանկարներ:
Արտաշատի բնակիչներից մեկի հավաստմամբ, «Մինչեւ վերջերս մենք չենք մտածել, թե ունենք ընդհանուր ճաշակ, ընդհանուր մշակութային արժեքներ, խոհանոց, երաժշտություն, որը կարող ենք եւ մենք, եւ նրանք մերը համարել: Գուցե կարելի է շփման հարթություններ գտնել»: