- December 6, 2016
- Posted by: admin
- Category: Նորություններ
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ` դեկտեմբերի 6-8-ը անցկացվող «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսի շրջանակում աշխարհի 10 երկրից ժամանած հետաքննական լրագրության ոլորտի 16 հայտնի մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ կկիսվեն իրենց փորձով ու ձեռքբերումներով:
Կոնֆերանսի նպատակն է խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում, բանախոսությունների, ցուցադրությունների, գործնական դասերի միջոցով ներկայացնել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող տարբեր երկրների փորձը: Միջոցառումը կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
«Թվապատում հետաքննություն» կոնֆերանսը հարյուրից ավելի մասնակիցներին առաջարկում է թեմաների բազմազանություն, ինչպիսիք են` հետաքննական լրագրության ժամանակակից միտումները, հարթակներն ու գործիքները, հետաքննող լրագրողի հնարավորություններն ու խոչընդոտները, արգելքներն ու ճնշումները, լրագրողական բացահայտումների, միջսահմանային համագործակցությունների կարևորությունն ու ազդեցությունը:
Ողջունելով ներկաներին` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ հետաքննական լրագրությունը կարողանում է բարձր պահել լրագրության պատիվը՝ միաժամանակ կատարելով ամենածանր աշխատանքը: «Չէ՞ որ, բացահայտումը լրագրության կարևորագույն գործառույթներից մեկն է։ Ինչպիսի՞ մարտահրավերների առջև են այսօր կանգնում տարբեր երկրներում, համակարգերում, մշակույթներում հետաքննական լրագրությամբ զբաղվող կենտրոնները, անհատները, ինչպե՞ս են նրանք պայքարում ժամանակակից աշխարհի չարիքների դեմ, որոնց թվում է նաև կոռուպցիան: Հենց սրա մասին է մեր կոնֆերանսը»,-ասաց նա:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով իր լիտվացի գործընկեր՝ դեսպան էրիկաս Պետրիկասի հետ ներկա էր կոնֆերանսի բացմանը, անդրադարձավ հետաքննական լրագրության կարևորությանը և դժվարություններին: «Սրտանց ողջունում եմ Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի և աշխարհի այլ երկրների խիզախ լրագրողներին, ովքեր ջանք չեն խնայում կոռուպցիայի դրսևորումները ջրի երես հանելու համար: Հաճախ այս լրագրողները բախվում են դժվարությունների, մարտահրավերների, և նույնիսկ դառնում սպառնալիքների թիրախ: Սակայն նրանք շարունակում են հետաքննել, խորամուխ լինել և լուսաբանել` գիտացկելով իրենց աշխատանքի կարևորությունը»: Դեսպան Միլսը նշեց նաև, որ «ազատ, անկախ և անկողմնակալ լուսաբանման դերը վճռական է կոռուպցիան սանձահարելու համար: Լրատվամիջոցները պետք է կարողանան ազատ լուսաբանել` առանց կաշկանդվելու պաշտոնական լրահոսով, ազատ հարցազրույց վերցնել փորձագետներից`
անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից, ազատ գովազդել` առաջնորդվելով բիզնես որոշումներով, այլ ոչ` քաղաքական ճնշմամբ»:
Շնորհիվ միջոցառման աջակիցների՝ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Թվապատում հետաքննություն»-ը հյուրընկալել է աննախադեպ թվով մասնագետների, որոնցից չորսը՝ լիտվական մեդիա դաշտից:
Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան էրիկաս Պետրիկասն իր խոսքում ընդգծեց լրատվամիջոցների և հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, «որը մեր երկրները ժառանգել են Սովետական Միությունից»: «Մենք ուրախ ենք, որ կոնֆերանսին մասնակցում են հայտնի լրագրողներ Լիտվայից, ովքեր տեղացի մասնագետների հետ կփոխանակեն իրենց մասնագիտական փորձն ու փորձառությունը»,-ասաց նա:
Բանախոսները ներկայացնում են հայտնի լրատվամիջոցներ ու հետաքննական կենտրոններ, ինչպիսիք են Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը (OCCRP), Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), “Internews Network”-ը, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցը, գերմանական “Open Oil UG” նախագիծը, ռուսական «Так-так-так» իրավապաշտպան սոցիալական ցանցը, Լիտվայում Եվրոպական հումանիտար համալսարանը, “Dow Jones & Company” ընկերության “Barron’s” շաբաթաթերթը, լիտվական “Veidas” պարբերականը, թուրքական “Cumhuriyet” օրաթերթը, վրացական monitori.ge ու լիտվական 15min.lt կայքերը, Չեխիայի և Մոլդովայի Հետաքննական լրագրության կենտրոնները, «Հետք» պարբերականը և այլն:
Այս կոնֆերանսը նորամուծություն է «Թվապատում» մեդիա միջոցառումների շարքում, որը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
«Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսի մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum16 հեշթեգը: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Tvapatum կայքից և միանալով միջոցառմանը ֆեյսբուքում:
[foogallery id=”4837″]