- February 22, 2018
- Posted by: admin
- Category: Նորություններ
Միևնույն թեմայով դասընթացը կարող է զգալիորեն տարբերվել նախորդից՝ կախված մասնակիցների խմբից: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացների դահլիճում նորից հավաքվել էինք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեդիայի հետ աշխատանքի նրբությունները, գաղտնիքներն ու կարևորություններն ուսումնասիրելու, այս անգամ` ԴեՊո ծրագրի շրջանակում:
«Այս խմբում հիմնականում այն մարդիկ էին, ովքեր անմիջապես զբաղվում են իրենց կազմակերպության կայքի ու սոցցանցերի բովանդակության ստեղծմամբ կամ հասարակության հետ կապերի պատասխանատու են: Հետևաբար շեշտը դրեցինք հենց բովանդակության ստեղծման վրա՝ նկատի ունենալով ոչ միայն տեքստը, այլ նաև վիզուալացման տարբեր բաղադրիչները՝ լուսանկար, ինֆոգրաֆիկա, անիմացիա…»,-ասում է ՄՆԿ-ի ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Նարինե Եգանյանը ստացած նոր գործիքներից առանձնացնում է հատկապես Ռեդիմագը, որը հնարավորություն է տալիս պատմությունները մուլտիմեդիա ֆորմատով ներկայացնել.
«Այս գործիքի մասին գիտեի, բայց երբեք չէի փորձարկել: Դասընթացին այդ հնարավորությունն ունեցա և հասկացա, որ այն շատ պարզ ու հարմար է: Մենք պարբերաբար մարդկային պատմություններ ենք ներկայացնում, իսկ այս գործիքով դրանք ավելի հետաքրքիիր, պատկերավոր ու ազդեցիկ կարող են դառնալ»:
ՄՆԿ-ից Նարինե Սաֆարյանը նկատել է, որ վերջին տարիներին ոլորտի մասնագետներն ավելի նախաձեռնող ու պրպտող են. դասընթացի մասնակիցների մի մասն արդեն ծանոթ է որոշ գործիքների և ակնկալում է նորերը ստանալ: Այս խմբի հետ որոշեցինք մի քիչ ընդլայնել տեխնոլոգիաների ու հնարավորությունների մասին խոսակցությունը և օրակարգում նախատեսեցինք նաև տեսահանդիպում ռուսական «Տեպլիցա» (Теплица социальных технологий) նախագծից Վլադ Լավրիչենկոյի հետ:
Տեպլիցան հարթակ է, որը հասարակական սեկտորին առաջարկում է տարբեր գործիքներ՝ գործունեությունն ավելի թափանցիկ ներկայացնելու, խնդիրների հարցում արագ համախոհներ գտնելու, ծրագրավորողների աջակցությունը ստանալու համար: Ռուսական հարթակի փորձը հետաքրքիր ու կիրառելի է համարում դասընթացի մասնակիցներից Էլյանորա Ավետիսյանը՝ Գյումրիի «Կանայք այսօր» հանուն առաջընթացի ՀԿ-ից:
«Մեր կազմակերպության կայքը ստեղծման փուլում է: Վլադի ներկայացրած գործիքները, նրա խորհուրդները հաշվի առնելով՝ կփորձենք այն ավելի ժամանակակից, ավելի մատչելի ու հասանելի դարձնել: Իսկ ներկայացված ֆորմաներից որոշները կիրառելի կարող են լինել առանձին ծրագրերի դեպքում»,-ասում է Էլյանորան:
Նա նաև մտապահել է, որ «հանրային կապերի հարցում ՀԿ-ի բոլոր անդաներն իրենց դերն ու անելիքն ունեն»: Գյումրի է վերադարձել ու իր նախաձեռնությամբ մեկօրյա դասընթաց անցկացրել գործընկերների համար, նրանց փոխանցել ստացած տեղեկությունն ու գործիքները:
[foogallery id=”6507″]