- May 16, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար միջսահմանային համագործակցությունը խթանելու և այլ երկրների գործընկերների հետ համատեղ մուլտիմեդիա նախագծեր ստեղծելու նպատակով։
Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։
Մրցույթը հնարավորություն է տալիս ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երկրի հանրությանը ներկայացնել հարևան/տարածաշրջանային երկրներում առավել կարևոր կամ նույնանման խնդիրներն ու մարտահրավերները, լուծման եղանակներն ու այլընտրանքները։
Մրցույթը շեշտադրում է սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրների լուսաբանումը՝ առաջարկելով հետևյալ թեմաները և դրանց հնարավոր համադրությունը՝
- Հակամարտություններ, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, դրա ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին, տեղահանված բնակչության խնդիրները; հակամարտության այլ հետևանքները և լուծման ճանապարհները;
- Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմը և դրա հետևանքները երկրի և տարածաշրջանի համար, փախստականների խնդիրներն ու միջազգային աջակցությունը; այլ ենթաթեմաներ։
- Պատերազմական իրավիճակներում տեղեկատվական քարոզչությունը, ապատեղեկատվությունն ու դրանց հակազդեցությունը;
- Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական ապահովություն և այլն;
- Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը; տարածքային անհամաչափ զարգացում և տեղաբաշխում;
- Կրթություն և կրթական բարեփոխումները;
- Այլ;
Ուշադրություն․ Մրցույթի համատեքստում դիմորդները կարող են ներկայացնել նաև այլ թեմաներ՝ հիմնավորելով դրանց լուսաբանման անհրաժեշտությունը լսարանի համար։
Հայաստանյան լրատվամիջոցները կարող են համատեղ նախագծեր իրականացնել Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ։ ՄՆԿ-ն և Ինտերնյուսը կարող են աջակցել գործընկերներ գտնելու և կապեր հաստատելու հարցերում։
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ թեմատիկ նախագիծ, որը պետք է ներառի առնվազն երեք բաղադրիչ։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։
Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել դիմումները հետևյալ երեք անվանակարգերում․
Ինքնուրույն նախագիծ: Դիմորդը ներկայացնում է թեմա/պատմություններ, որոնք արդիական են և համընդհանուր՝ նշված երկրներից որևէ մեկի համար (ըստ նախընտրության)։ Պատմությունները կարող են լինել առանձին երկրի մասին կամ էլ ներկայացնել բոլորի համար համանման խնդիրներ։ Հեղինակները կարող են գործուղում կազմակերպել ընտրված երկիր կամ էլ համագործակցել ընտրված երկրում/երկրներում գտնվող լրագրողների/լրատվամիջոցների/պրոդյուսերների հետ։
Համատեղ նախագիծ: Ծրագրին ներգրավված երկրներից յուրաքանչյուրում դիմումատու լրատվամիջոցներն արտադրում են իրենց նախագծերը/պատմությունները, որոնք հանրային հետաքրքրություն և ընդհանրություններ ունեն միմյանց հետ։ Այս դեպքում Հայաստանից դիմողն իր հայտում պետք է հստակ նշի գործընկեր կազմակերպության առկայության մասին, իսկ հայտում մանրամասնորեն ներկայացնի աշխատանքային, խմբագրական դերաբաշխումը։ Այս անվանակարգի շրջանակում պատրաստված բոլոր նյութերը պետք է թարգմանվեն և հրապարակվեն նաև անգլերենով։
Դիմողը կարող է աջակցություն ակնկալել ՄՆԿ-ից՝ գործընկերների հետ կապեր հաստատելու համար, ինչպես նաև նյութերն անգլերեն թարգմանելու հարցերում։
Այս անվանակարգին դիմելու դեպքում ծրագրային հայտերն ու բյուջեն անհրաժեշտ է լրացնել անգլերենով։
Պատմություններ Ուկրաինայի մասին։ Դիմորդը ներկայացնում է թեմա/պատմություններ Ուկրաինային առնչվող սոցիալական, մշակութային, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ հայաստանյան լսարանին ներկայացնելու համար։ Այս տարբերակի դեպքում թեմաներ/գաղափարներ ընտրելիս լրատվամիջոցները կարող են օգտվել UkraineWorld մուլտիմեդիա նախագծից որպես աղբյուր։ Եթե լրատվամիջոցը նախընտրում է այցելել Ուկրաինա, ապա նշված UkraineWorld նախագծի ներկայացուցիչները կաջակցեն անհրաժեշտ բոլոր գործողությունները կազմակերպելու ու իրականացնելու հարցերում։
Ինքնուրույն և համատեղ նախագծերի անվանակարգի դեպքում ծրագրի բյուջեն կարող է կազմել մինչև 2,500,000 ՀՀ դրամ, իսկ «Պատմություններ Ուկրաինայի մասին» անվանակարգի դեպքում մինչև 1,500,000 ՀՀ դրամ, եթե դիմումատուն այց չի նախատեսում դեպի Ուկրաինա։
Բյուջեի չափը կախված է նախագծի թեմատիկ առանձնահատկությունից և բարդությունից, ներկայացվող բաղադրիչների քանակից, ինչպես նաև գործուղման առկայությունից։
Ուշադրություն։ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ:
Ծրագրի այս փուլին չեն կարող մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ստացել են ենթադրամաշնորհներ այս ծրագրի միջսահմանային նախագծերի նախորդ փուլում։
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները, որոնք գործում են մայրաքաղաքում և մարզերում:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 3 տարվա գործունեություն,
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
- մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու փորձ և կարողություններ,
- աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն,
- էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։
Մրցույթի արդյունքում ընտրվելու է մինչև 5 ծրագրային հայտ, որից առնվազն 1-ը ներկայացված մարզային լրատվամիջոցների կողմից և առավելագույնը 2-ը՝ «Պատմություններ Ուկրաինայի մասին» անվանակարգի համար։
Մրցույթին դիմելու կարգը
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում,
- լրացված հարցաթերթիկ,
- ծրագրի մանրամասն բյուջե,
- լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։
Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ․
Վերջնաժամկետ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected]։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 24-ը:
Տեղեկատվական հանդիպում
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել ։ Հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ մասնակիցներին կուղարկվի անհրաժեշտ տեղեկատվությունը։
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում և Ուկրաինայում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Կազմակերպությունն աջակցում է արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ ՄՆԿ-ն առաջնորդվում է «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիագրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: