- March 20, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Մարտի 16-18-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում անցկացվեց «Քննադատական մտածողության դպրոցը», որի հիմքում էր քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը:
«Երեք օրերի ընթացքում մասնակիցներին փորձեցինք օգնել, որ ավելի քննադատորեն մտածեն և՛ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տարբեր իրադարձությունների, և՛ դրանց վերաբերյալ մեդիա հրապարակումների, ինֆորմացիայի աղբյուրների մասին»,-ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
Դպրոցի մոտ քառասուն մասնակիցները ծանոթացան քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձեռք բերեցին տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։
«Փորձեցինք մի կողմից նոր գիտելիք տալ, մյուս կողմից թարմացնել և խորացնել եղած ինֆորմացիան: Տեքստերի վերլուծությունների, խմբային աշխատանքների ընթացքում քննարկեցինք ու պարզեցինք աղբյուրները, նպատակները, ենթաշերտերը, դրդապատճառները»,-ավելացնում է Լուսինեն:
Դասընթացն անդրադարձավ հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումներին:
Սեմինարները, ինտերակտիվ քննարկումները և գործնական աշխատանքներն անցկացրին ոլորտի առաջատար մասնագետները: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը բացատրում է, թե ինչու են այսօր կարևոր քննադատական մտածողության մասին զրույցներն ու քննարկումները:
«Ամբողջ աշխարհում ինֆորմացիայի տարափի մեջ շատացել է աղմուկը, ինֆորմացիան բազմակի անգամ բազմապատկվել է, դժվարացել է ճիշտ տեղեկությունը որսալն ու ճիշտ եզրակացություններ անելը: Անհրաժեշտ է ծանոթանալ քննադատական մտածողության մի քանի գործիքների՝ հասկանալու ու վերլուծելու ինֆորմացիայի համապատասխանությունը իրականությանը»:
[foogallery id=”5857″]
Այս դպրոցն անցկացվեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար», ինչպես նաև «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում: