- December 20, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Արթուր Խաչատրյանը 11 տարեկան էր, երբ ընտանիքը Հայաստանից տեղափոխվեց Ռուսաստան, որի հարավում գտնվող Ուսինսկ քաղաքում նա հանդիպեց ադրբեջանցի Զեյնալ Զեյնալովին։ Նրանք սովորում էին նույն դասարանում եւ կարճ ժամանակում ընկերացան։ «Մեզ սպորտը կապեց. երկուսս էլ բասկետբոլ էինք սիրում։ Ռուսական միջավայրում մենք շատ ընդհանրություններ ունեինք՝ ավանդույթներ, մոտեցումներ», ասում է Արթուրը։
Դպրոցն ավարտելուց հետո ընկերները բաժանվեցին. յուրաքանչյուրը որոշեց ուսումը շարունակել իր հայրենի ԲՈՒՀ-ում։ Այժմ Արթուրը սովորում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի Լրագրության ֆակուլտետի չորրորդ կուրսում, իսկ Զեյնալը՝ Բաքվի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Նրանք կապը պահպանում են ինտերնետի միջոցով։
«Երբ տեսա «Ինտերնյուս»-ի՝ վավերագրական ֆիլմերի պատրաստման մրցույթի հայտարարությունը, անմիջապես որոշեցի մասնակցել՝ իրականացնելու իմ վաղեմի գաղափարը՝ նկարահանել ֆիլմ երկու ընկերների մասին», ասում է Արթուրը։ «Ինտերնյուս»-ի «Այլընտրանքային հայացք» ծրագրի շրջանակներում ֆիլմի ադրբեջանցի համահեղինակ Դուրնա Սաֆարլիի հետ միասին Արթուրը պատրաստեց «Ընկեր, թե՞ բարեկամ» ֆիլմը իր ու Զեյնալի մասին։ Արթուրն ու Դուրնան միասին քննարկեցին սցենարը եւ իրականացրեցին նկարահանման աշխատանքները։ Համատեղ աշխատանքը բավական հաջող էր։ «Դուրնան պրոֆեսիոնալ լրագրող է եւ շատ բաց ու հետաքրքիր անձնավորություն», ասում է Արթուրը։ Արդյունքում, նրանց պատրաստած ֆիլմը ճանաչվեց լավագույնը նշված ծրագրի շրջանակներում Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին կայացած փառատոնում։
Արթուրը ցանկանում էր հասկանալ արդյոք պահպանվե՞լ են իրենց ջերմ զգացմունքները, չնայած երկու երկրներում իրականացվող քարոզչությանը։ Նրա հավաստմամբ, «Պարզվեց, որ եթե ոչ բարեկամությունը, ապա շփումը հայերի ու ադրբեջանցիների միջեւ հաստատ հնարավոր է։ Ֆիլմը ստացվեց այլընտրանքային հայացքի տեսանկյունից, քանի որ ներկայացնում է այլ տեսակետ մարդկային հարաբերությունների մասին»։