«Հանրային մեխանիկա»՝ հինգ հազարից հինգի օրինակով

Հայաստանում հինգ հազարից ավելի հասարակական կազմակերպություն և քաղաքացիական նախաձեռնություն կա՝ ուժեղ ու ազդեցիկ, փոքր ու առաջին քայլերը կատարող: Դրանցից հինգի մասին է պատմում «Հանրային մեխանիկա» ֆիլմը, որի առաջին հանրային ցուցադրությունը տեղի ունեցավ մարտի 7-ին:


Ֆիլմի համահեղինակները՝ Գեղամ Վարդանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և Իզաբելլա Սարգսյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, Հայաստանի հասարակական կազմակերպություններում աշխատանքային մեծ փորձ ունեն: Նրանցհամար սա հնարավորություն էր՝ դաշտին կողքից նայելու, հասկանալու և ցույց տալու քհկ-ների դերը հասարակության կյանքում:
«Հասարակական կազմակերպությունները անում են գործեր, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, բայց շատ կարևոր են: Նրանք հաճախ անում են այն, ինչ պետությունը պետք է անի, բայց չի անում կամ վատ է անում»,- ասում է Գեղամ Վարդանյանը:

Իզաբելլա Սարգսյանի կարծիքով հանրության մոտ ձևավորված թյուր պատկերացում կա քհկ-ների ու դրանց գործունեության մասին: «Թեև հասարակական կազմակերպություններից յուրաքանչյուրն իր գործունեության ոլորտն ու ուղղվածությունն ունի, բայց իրականում դրանք հազար ու մի գործ են անում: Եթե իրենց դուռը թակում են որևէ հարցով, հկ-ները կամ փորձում են գտնել նրան, ով կարող է օգնել, կամ իրենք են սկսում խնդրին ինչ-որ լուծում տալ: Մարդիկ հաճախ իմանում են այս գործերի մասին ու դրական արձագանքում, բայց տեղյակ չեն, որ դա այս կամ այն քհկ-ի աշխատանքի արդյունք է»,- ասում է Իզաբելլան:

Հեղինակները կազմակերպությունների երկար ցանկից դժվարությամբ ընտրություն արեցին. «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Մայրի» կենտրոնի, Տարածաշրջանային համագործակցության կենտրոն (նախկինում՝ Աջակցություն Նոյեմբերյանին հկ), Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Այս կառույցների մասին փոքրիկ պատմությունների միջոցով ֆիլմը փորձում է ներկայացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդհանուր պատկերը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Հանրային մեխանիկա» ֆիլմն արդեն կարող եք դիտել առցանց:

Այն պատմում է Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից հինգի մասին. ինչ դեն են նրանք կատարում հասարակության կյանքում, ինչ հաջողություններ ու անհաջողություններ, ձեռքբերումներ ու խնդիրներ են ունենում: Փոքրիկ պատմությունների միջոցով հեղինակները փորձում են ներկայացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (քհկ) ընդհանուր պատկերը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում: