- February 7, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։
Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։
Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․
- Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական ապահովում և այլն;
- Արցախից և հարակից տարածքներից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները;
- Անվտանգային, սոցիալական, տնտեսական մարտահրավերներին առնչվող սահմանային համայնքների խնդիրները;
- Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները;
- Սոցիալական պաշտպանության համակարգերն ու զարգացման ծրագրերը, դրանց խնդիրներն ու մարտահրավերները;
- Կրթություն և կրթական բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրները;
- Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
- Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա։
Ուշադրություն․ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։
Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։
Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝
- մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
- թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
- փոդքասթեր,
- ֆիլմեր, տեսանյութեր․
Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։
Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները, որոնք գործում են մայրաքաղաքում և մարզերում:
Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․
- առնվազն 3 տարվա գործունեություն,
- առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
- մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։
Ծրագրի առաջին փուլում ընտրվելու է 6 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։
Լրացում։ Այն լրատվամիջոցները, որոնք երկու (2) անգամ դրամաշնորհ են ստացել «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում և ունեն գործող դրամաշնորհ, մրցութային այս փուլում չեն կարող դիմել ծրագրին։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2,500,000 ՀՀ դրամը։
Մրցույթին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- լրացված հայտադիմում,
- լրացված հարցաթերթիկ,
- ծրագրի մանրամասն բյուջե,
- լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։
Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։
Վերջնաժամկետ
Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected] ։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 1-ը:
Ուշադրություն․ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ:
Տեղեկատվական հանդիպում
Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել մինչև փետրվարի 20-ը։ Հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ մասնակիցներին կուղարկվի անհրաժեշտ տեղեկատվությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով վերոնշյալ էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։
***
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում և Ուկրաինայում։