- March 30, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում են լրագրողներին և լրագրության ֆակուլտետների դասախոսներին ագրոլրագրութան թեմայով ուսուցողական այցի Վրաստան։
Ծրագիրը ներառում է տեղեկատվական հանդիպումներ, մասնագիտական դասընթաց, համագործակցություն վրացական լրատվամիջոցների հետ, նաև ագրոլրագրության առարկայական ծրագրի մշակում և ներդնում համալսարաններում։
Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Վրաստանում ագրոբիզնեսի զարգացումներին, գյուղատնտեսության նախարարության ծրագրերին, այդ ոլորտում եվրաինտեգրման գործընթացներին։ Մասնակիցները կայցելեն գյուղատնտեսության թեմաների լուսաբանման մեջ մասնագիտացած տեղեկատվական կենտրոններ և ստուդիաներ։
Ագրոլրագրության երկօրյա դասընթացը Վրաստանում կանցկացնի բրիտանացի լրագրող, ագրոբիզնեսի փորձառու մասնագետ, Ագրոլրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ Ռոուզ Հիթեր Բրիգսը (Rose Heather Briggs):
Ծրագրի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը։
Մասնակից դասախոսներին կտրամադրվի ագրոլրագրության բուհական առարկայական ծրագրի նախագիծը՝ տեղայնացնելու և ուսումնական գործընթացում օգտագործելու համար։
Վրաստան այցը նախատեսված է ապրիլի 25-29-ը։
Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերից։ Ուսուցողական այցի բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումի ձևը մինչև 2018 թ-ի ապրիլի 10-ը։ Դիմողները պետք է ունենան գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և հարակից թեմաների լուսաբանման փորձ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն 010 583620 հեռախոսահամարով։
Ծրագիրն իրականացվում է Аlliances Caucasus Programme – Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։