- August 16, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
Նախորդ տարիների ընթացքում 16-ամյա Հայկ Սմբատյանը պարբերաբար դիտում էր «Մենք ենք» հեռուստահաղորդումը եւ անհամբեր սպասում իր հերթին: Այս տարի «Ինտերնյուս»-ի հայտարարած մրցույթի արդյունքում 15 այլ պատանիների հետ Հայկն ընտրվեց որպես «Մանկական խաչմերուկ» ծրագրի մասնակից:
«Ես երբեք չեմ հանդիպել Ադրբեջանցիների, բայց վստահ եմ, որ նրանք մեզանից ոչնչով չեն տարբերվում եւ ծրագրի շրջանակներում մենք կբարեկամանանք»,-ասում է Հայկը: Նա կարծում է, որ հարեւան ազգերը պետք է միմյանց լավ ճանաչեն, եւ ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կընձեռի շատ բան իմանալ Հարավային Կովկասի երկրների պատանիների մասին ու իմացածը հաղորդել հեռուստադիտողին:
Հուլիսի 23-ից օգոստոսի 12-ը Հայկը իր հայ, վրացի ու ադրբեջանցի տարեկիցների հետ մասնակցեց «Մանկական խաչմերուկ»-ի ամառային ճամբարին, որը տեղի ունեցավ Բաթումիում: Պատանիները սովորեցին հեռուստատեսային արտադրության հիմունքները` օգտագործելով մուլտիմեդիա գործիքները եւ աշխատելով տարբեր հարթակներում: Հատուկ ուշադրություն էր դարձվում կոնֆլիկտային լրագրությանը, մասնավորապես անկողմնակալ ու հավասարակշռված լուսաբանմանը, հանդուրժողականությանը, թիմային աշխատանքին:
Ամառային ճամբարի ընթացքում Հայկը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պատրաստեց իր կյանքում առաջին լուրջ հեռուստառեպորտաժը: Միասին նրանք անցան թեմայի ընտրության, հերոսի հետ հարցազրույցի, նկարահանման ու մոնտաժի երկար ճանապարհով: Արդյունքում ռեպորտաժն արժանացավ փորձագետների բարձր գնահատականին:
«Հեռուստատեսային արտադրությունը, խաղերը եւ մրցույթները նպաստեցին այն բանին, որ մենք հասկանանք ու հարգենք միմյանց: Իմ ամենամեծ նվաճումը հարեւան երկրների պատանիների հետ հաստատած մաքուր ընկերությունն է: Սա մեծ շրջադարձ էր իմ կյանքում»,- ասում է Հայկը: