Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունենք:

Մեր գործունեությունը սկսել ենք Հայաստանում 1995 թ-ին՝ որպես «Ինտերնյուս Նեթուորք» ամերիկյան կազմակերպության մասնաճյուղ: Մասնագիտական դաշտում առավել հայտնի ենք որպես «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն։ 2013 -ին վերանվանվել ենք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և մտել զարգացման նոր փուլ՝ պահպանելով մեր առաքելությունն ու հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Շարունակում ենք հավատալ, որ առանց անկախ ու հզոր լրատվամիջոցների չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Մեդիա նախաձեռնությունները այսօր հայկական կազմակերպություն է և մեդիա դաշտի անբաժանելի մասն է։

Մեր լոգոն

 

Կենտրոնում գտնվող շրջանը խորհրդանշում է կազմակերպության արժեքներն ու նպատակները, կենտրոնից տարանջատվող սեգմենտները հիշեցնում են տարածության մեջ ազդեցություն սփռող ալիքներ, իսկ դրանց հատուկ դասավորությունը՝ ժամանակի ու պատմության պարույր։ Ալիք-սեգմենտները խորհրդանշում են «կենտրոնում» տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը միջավայրի ու հասարակության վրա, նշանակում են նախաձեռնություն, գործունեություն, շարժում, զարգացում։ Նարնջագույնն ու մանուշակագույնը կրթության, ստեղծագործական մոտեցումների ու միաբանության խորհրդանիշն են:

Մեր առաքելությունն է

Ազատ և անկախ տեղեկատվության ստեղծման ու տարածման միջոցով նպաստել հասարակության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը՝ կիրառելով ստեղծագործական և նորարարական մոտեցումներ:

Մեր կանոնադրությունը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կանոնադրության վերջին տարբերակը հաստատված է Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի 2013 թ․ մայիսի 23-ի ԹԻՎ 1/05 որոշմամբ։

Մեր նպատակներն են՝

աջակցել մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրականացմանը,

աջակցել հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվության ստեղծմանը,

աջակցել ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանը,

աջակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացի մասնակիցների վերապատրաստմանը,

զարգացնել մեդիա կրթությունը և գրագիտությունը, ձևավորել լրատվության կրթված սպառող,

աջակցել տեղեկատվության ոլորտում նորարար մոտեցումներին և սոցիալական մեդիայի նոր դրսևորումներին,

աջակցել իրավական դաշտի օպտիմալացմանը և կատարելագործմանը՝ ապահովելով լրատվամիջոցների ազատ գործունեությունը, տեղեկատվության ազատ հոսքը, այդ թվում նաև տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը,

օգտագործել մեդիան հանրային կարևորության տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում՝ սոցիալական, բնապահպանական, տնտեսական, խաղաղասիրական, մարդու իրավունքներին առնչվող,

աջակցել կարևոր հասարակական իրադարձությունների լուսաբանմանը,

խթանել մեդիա գործիքների օգտագործումը կրթական գործընթացներում,

տարածել մեդիան հասարակության լայն շերտերում՝ օգտագործելով տարբեր ավանդական և նորարարական մեթոդներ։

Կազմակերպության խնդիրներն են՝

աջակցել հավասարակշիռ և բազմակողմանի տեղեկատվության ստեղծմանը, մեդիայում այլընտրանքային և նորարարական մոտեցումների կիրառմանը,

լրագրողների, մեդիա մասնագետների համար ստեղծել կրթական ծրագրեր, անցկացնել դասընթացներ, կոնֆերանսներ, մրցույթներ,

մասնակցել մեդիա կրթության տարածմանը, զարգացնել մեդիաքննադատությունը, մեդիավերլուծությունը, քաղաքացիական լրագրությունը,

մասնակցել մեդիա դաշտի գործունեության վրա ազդեցություն ունեցող օրենքների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի մշակմանը և բարելավմանը,

իրավական օգնություն տրամադրել լրագրողներին և զանգվածային լրատվամիջոցներին՝ իրենց շահերի և իրավունքների պաշտպանման համար,

բարձրացնել լրագրողների և մեդիա դաշտի այլ մասնագետների տեխնոլոգիական կրթվածության մակարդակը, տրամադրել մասնագիտացված խորհրդատվություն,

նպաստել տարածաշրջանում խաղաղասիրական գործընթացներին, հակամարտությունների կարգավորմանը, երկխոսության հաստատմանը, փակ թեմաների քննարկմանը՝ օգտագործելով մեդիան որպես միջոց և գործիք,

մասնակցել վավերագրական ֆիլմարտադրության զարգացմանը, պատրաստել սեփական աուդիովիզուալ արտադրանքը, աջակցել հաղորդակցման, լրատվության ոլորտներին առնչվող դասագրքերի և ձեռնարկների ստեղծմանը,

անցկացնել ստեղծագործական ու կազմակերպչական աուդիտներ լրատվամիջոցների համար, հաղորդակցության ոլորտի հետազոտություններ՝ այդ թվում լրատվության պահանջարկի, գովազդի և արտադրանքի վերաբերյալ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրողների վարքականոնը

Առաջնորդվելով իր առաքելությամբ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ընդունում է լրագրողական աշխատանքի հետևյալ սկզբունքները՝

1. Ազատություն

1.1 Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը։ Գրաքննության, տեղեկատվության ցանկացած սահմանափակում վտանգում է հանրությանը ծառայելու մեր առաքելությունը։

1.2 Մենք դատապարտում ենք տեղեկատվություն մատուցելուն և ստանալուն միտված բոլոր խոչընդոտերը՝ դա համարելով ոտնձգություն ազատ լրատվության դեմ։

1.3 Մենք ընդունում ենք մեկնաբանության և քննադատության ազատությունը, եթե այն հիմնված է ճշտված փաստերի վրա և հստակորեն տարբերակված է ենթադրություններից ու վարկածներից։

2. Արդարություն

2.1 Մենք համոզված ենք, որ լրագրողն իրավունք չունի կատարել առևտրային կամ քաղաքական պատվեր, պատրաստել կամ տարածել տեղեկատվություն, որը քողարկված գովազդ է պարունակում։ Մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ ցանկացած ճնշում չի կարող ազդեցություն ունենալ տեղեկատվությունը բազմակողմանի, ճշմարիտ, ամբողջական, որակյալ և հրատապ ներկայացնելու վրա։

2.2 Մենք կարծում ենք, որ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, հեղինակային իրավունքը, տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկություններ չհայտնելու իրավունքը մշտապես հարգվում են։ Դրանք կարող են մի կողմ դրվել, երբ մարդուն, հասարակությանը ծանր ու անխուսափելի վտանգ է սպառնում։

2.3 Մենք աշխատում ենք իրողությունը բացահայտելու ճանապարհին զերծ մնալ փաստաթղթեր, նյութեր գտնելու, հարցազրույցներ ստանալու անարդար միջոցներից։ Անուղղակի ճանապարհով ձեռք բերված տեղեկությունները պետք է ճշտվեն հատուկ ջանադրությամբ։

3. Արժանապատվություն

3.1 Փաստերը չի կարելի ծառայեցնել մարդուն կամ կազմակերպությունն անվանարկելուն, վիրավորելուն կամ նսեմացնելուն։ Մարդու ազգությունը, ռասան, կրոնը, ֆիզիկական և մտավոր վիճակը չի կարելի պիտակավորել։

3.2 Բռնության զոհ դարձած անձանց, անբուժելի կամ ծանր հիվանդներին, հանցագործներին ցուցադրելու և նրանց հարազատների անունները հրապարակելու համար պետք է ստանալ վերջիններիս համաձայնությունը։ Խորը վիշտ, հոգեկան ցնցում ապրող անձինք, անչափահասները պետք է ազատ լինեն լրագրողների անհարկի հետապնդումներից։

3.3 Էական սխալը, մոլորեցնող կամ խեղաթյուրված հաղորդագրությունը պետք է անհապաղ ճշտել։ Վարկի, արժանապատվության, նյութական վնաս կրած անձանց ու կազմակերպությունների հերքումները պետք է հրապարակվեն առանց իմաստային էական փոփոխությունների։

4. Հավասարություն

4.1 Մենք սպասարկում ենք հասարակության բոլոր խմբերին՝ անկախ նրանց քաղաքական, տնտեսական և գաղափական ուղղվածությունից։ Բարեկամական, ազգակցական, ընկերական և այլ կապերը ոչ մի կերպ չեն կարող փոփոխել մեր որդեգրած հավասարության սկզբունքները։

4.2 Մենք նախընտրում ենք հիմնավորել տեղեկատվությունը հնարավոր բոլոր աղբյուրներով, հետաքննություն անցկացնել՝ չսահմանափակվելով ակնհայտով, հետաքրքրաշարժով կամ մակերեսայինով։

4.3 Մենք փոխգործակցությունը համարում ենք աշխատանքի սկզբունք։ Մշտապես աջակցում և օժանդակում ենք մեր բոլոր գործընկերներին, համակիրներին։ Օգնում ենք բոլոր նրանց, ովքեր նպատակների, կոչման, գործի, մասնագիտության բերումով դիմում են մեզ։

5. Հանդուրժողականություն

5.1 Մեր գործունեության և աշխարհայացքի գերակա գործոնը հանդուրժողականությունն է։ Կրոնական, ազգային, ռասայական, կուսակցական և այլ պատկանելության անձանց, խմբավորումներին, կազմակերպություններին մենք վերաբերվում ենք որպես մեր հասարակության լիիրավ անդամների՝ տեղեկացնելու և տեղեկացվելու իրենց իրավունքով։

5.2 Մենք պարտավորվում ենք նպաստել հասարակական երկխոսությանը, կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։ Հասկանում ենք, որ մեր գործունեությամբ ոչ մի կերպ չենք պառակտելու հասարակությունը, չենք պարսավելու հասարակական, քաղաքական և քաղաքացիական այլ նախաձեռնություններ։

Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում ենք մեր առօրյա գործունեության ընթացքում: Մենք պարտավորվում ենք չխախտել դրանք, չծառայեցնել անձնական նպատակների կամ շահի, քարոզչության տարածման, պիտակավորման, ուղղակի կամ անուղղակի պատվերներ կատարելու, տեղեկությունը թաքցնելու կամ խեղաթյուրելու համար:

Մենք հաշվետու ենք հանրության առջև և պարտավոր ենք ընդունել ու հաշվի առնել ոչ միայն մեզ ուղղված գովասանքը, այլև քննադատություններն և դժգոհությունները հավասարապես։