Ինչպես լուսաբանել հակամարտությունները․ ամառային ճամբար բրիտանացի փորձագետ Նաոմի Գոլդսմիթի հետ

Հակամարտությունների լուսաբանումը այսօր մեդիայի օրակարգում առանցքային տեղ ունի, իսկ 2020-ի Արցախյան պատերազմից հետո այն առաջնային թեմա դարձավ Հայաստանի լրագրության համար։

Կարևորելով լրագրողների պատրաստվածությունը և համակամարտությունների լուսաբանման յուրահատկությունները՝ կազմակերպել էինք 1 շաբաթյա ամառային դպրոց հայաստանյան լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Ամառային դպրոցի հիմնական դասընթացավարը բրիտանացի լրագրող Նաոմի Գոլդսմիթն էր, որի շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին հակամարտությունների վերաբերյալ որակյալ բովանդակություն ստեղծելու, լրագրողական ասելիքը ճիշտ մատուցելու և լսարանի կարիքները բավարարելուն ուղղված հմտություններ։

Մեկշաբաթյա դասընթացի ժամանակ մասնակիցները նաև կատարելագործեցին իրենց հմտությունները՝ սովորելով, թե ինչպես կարելի է վիզուալացնել պատմությունը, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր և ավելի որակյալ բովանդակություն։

Նաոմի Գոլդսմիթի անմիջական ներգրավվածությամբ մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է շարժվել ականապատ դաշտում, ինչ հմտություններ են պետք, երբ անհրաժեշտ է անցնել անցակետերով, ծանոթացան արտերկրի լրատվամիջոցներում հակամարտություններ լուսաբանող գործընկերների աշխատանքներին, լրագրողական ժամանակակից ժանրերը և ձևաչափերը։

Դպրոցի մասնակիցներից «Հետք»-ի լրագրող Հայկ Մակիյանը նշում է, որ դասընթացում կարևորում էր լրագրողի անվտանգությանը վերաբերող թեմաները. «Անչափ հետաքրքիր էր նաև «forensic architecture»-ի օգտագործումը հակամարտությունների լուսաբանման համատեքստում։ Լավ հնարավորություն էր նոր գիտելիքներ և օգտակար կապեր ձեռք բերելու առումով»։

«FactorTV»-ի և «ԱՄՓՈՓ»-ի լրագրող Գարիկ Հարությունյանն էլ առանձնացնում է ատելության խոսքի վերաբերյալ ստացած գիտելիքները։

«Ատելության խոսքի տարածումից և նախատրամադրվածություններից խուսափելն ամենաակներևն է։ Դրան հաճախ ուշադրություն և ժամանակ չենք տրամադրում։ Կարևոր է նաև տուժածների հետ շփվելու հմտությունը, ճիշտ և տեղին հարցեր տալու ձևերը սովորելը։ Սրանց կգումարեմ նաև թեմաների բազմազանությունը, որի մասին նույնպես չէի մտածել նախկինում»,- նշում է Գարիկ Հարությունյանը։

Դպրոցի մյուս մասնակիցներից Նարեկ Կիրակոսյանն ու Դավիթ Գալստյանն էլ հակամարտությունների լուսաբանման իրենց փորձի մասին պատմել են media.am կայքի «Խաչմերուկ» բաժնում։


Հակամարտությունների լուսաբանման մեդիա դպրոցը կազմակերպվել է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ «Զորեղացնելով հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ լրագրողների գիտելիքը և հմտությունները» ծրագրի շրջանակում:



Leave a Reply