Շուրջ 180 մուլտիմեդիա պատմություն՝ ժամանակակից լրագրության ձևաչափերով

Քովիդ19 համավարակը, պատերազմը, դրանց հետևանքները, սոցիալական, առողջապահական, քաղաքային  և բազմաթիվ այլ թեմաներ՝ շուրջ 180 մուլտիմեդիա պատմությունների առանցքում։ 

Երկու տարվա ընթացքում  մարզային և համապետական 10 լրատվամիջոցներ մուլտիմեդիա ձևաչափով աշխատելու հնարավորություն ստացան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում էինք մեր հավատարիմ գործընկեր ամերիկյան Ինտերնյուս կազմակերպության աջակցությամբ։

Դրամաշնորհ ստացած լրատվամիջոցների լրագրողները, մասնակցելով  մուլտիմեդիա նախագծերի արտադրության և դրանց առաջխաղացման մի շարք դասընթացների, իրենց թեմատիկ փաթեթները ստեղծել են՝ օգտագործելով ժամանակակից մուլտիմեդիա լրագրության ձևաչափերը և գործիքները։ 

Ծրագրի մեկ այլ՝ «Հարևաններ» բաղադրիչը  օգնել է պատմել Կովկասի, Բալկանների և Արևելյան Եվրոպայի երկրների ընդհանուր խնդիրների և եզակի փորձի մասին: Lրագրողական ավելի քան 50 թիմերի թվում Հայաստանի չորս լրատվամիջոցներ հրապարակեցին մուլտիմեդիա նախագծեր Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Սերբիայի գործընկերների հետ համատեղ։

 Ամփոփելով ծրագիրը, առանձնացրել ենք 10  նախագիծ, որոնց հրապարակումը վերջին երկու տարիներին օգնել է լուծել  հանրային կարևորության խնդիրներ, ունեցել է լսարանի կողմից մեծ արձագանք և հետաքրություն։  

Գորիսը Հայաստանում առաջիններից էր, որ կրեց վերջին արցախյան պատերազմի հետևանքները՝ լինելով նաև հակառակորդի թիրախում: Ծրագրի գործընկեր Ուրբանիստայի «Կարգավիճակը՝ սահմաներձ» մուլտիմեդիա նախագիծը ներկայացնում է Գորիս խոշորացված համայնքի վերջին ամիսների կյանքը:

Նազիկ Արմենակյանի «Վերակենդանացում» մուլտիմեդիան, որը «Թվապատում 2020» լրագրողական մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, ներկայացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Արտաշատի բժշկական կենտրոնների վերակենդանցման բաժանմունքներում ամիսներ շարունակ տիրող իրողությունը, կիսում արտակարգ ռեժիմով աշխատող բժիշկների և բուժանձնակազմի փորձառությունը:

Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)-ի պատրաստած մուլտիմեդիա նախագիծը պատմում է ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի նախագահ Հենրիկ Ասրյանի մասին, ում Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Շուռնուխում մարտերի ժամանակ ադրբեջանցիները գերի էին վերցրել և պահում էին Բաքվի բանտում։

Վաղինակ Ղազարյանը վավերագրող ֆոտոլրագրող է, որը վերջերս World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում լուսանկարած նրա՝ «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում շուրջ 5 հազար լուսանկարից ընտրվել է 3 լավագույնների շարքում։

Վաղինակը պատարազմի ողջ ընթացքում և դրանից հետո էլ աշխատել է Արցախում և Սյունիքում։ Մեդիալաբի/MediaLab- Newsroom Laboratory համար նրա պատրաստած մուլտիմեդիա նախագիծը պատմում է պատերազմի օրերին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում աշխատող բժիշկների և բուժաշխատողների մասին։

Հայաստանի բազմաթիվ սահմանային համայնքներ տարիների ընթացքում հայտնվել են անհետանալու սահմանագծին։ Այս գյուղերը կտրվել են արտաքին աշխարհից, որովհետև տարիներով այստեղ զարգացման ծրագրեր չեն իրականացվել։ Հիմա դրանք սահմանափակ միջոցներով փորձում են պահպանել ունեցածը։
Ալտ հեռուստաընկերությունը «Անհետացող սահմանային գյուղեր» մուլտիմեդիա նախագծում ներկայացնում է Տալվորիկի, Կողբավանի և Թլիկի խնդիրները։

Հայաստանում վերջին տարիներին ամենաաղմկահարույց կոնվենցիաներն են Ստամբուլյան կոնվենցիան, որն այդպես էլ չի վավերացվել ԱԺ-ում և Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվեց և մինչ օրս դրա շուրջ կրքերը չեն մարում:

Aravot-ի պատրաստած մուլտիմեդիա նախագիծն առաջարկում է ծանոթանալ 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ում ընդունված ամենաքննարկված միջազգային փաստաթղթերին։

Սիս գյուղի տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Այդ լճակներից ձեռք է բերել Հայաստանի հայտնի գործարարներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է ևս մեկ ձկնաբուծարան և, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը և տարեկան հարկերը:

Հետք-ի հետաքննական մուլտիմեդիա պատմությունը բացահայտել և ներկայացնում է ապօրինի գործողությունների շղթան, ինչի արդյունքում տուժել է համայնքային բյուջեն։

Երեք տարուց ավելի է, ինչ Աքորի, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ և Ջիլիզա գյուղերը Ալավերդի համայնքի վարչական տարածքում են գտնվում։ Իսկ Ակներն ու Սանահինը Ալավերդի քաղաքին են միացել դեռևս 1960-ականներին։ Համայնքների խոշորացման նպատակն առաջին հերթին ուժեղ համայնք ունենալն էր, ինչն էլ առավել արդյունավետ կդարձներ տեղական ինքնակառավարումը։ Սակայն դրա փոխարեն պետության կողմից իրականացվող այս գործընթացը բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծեց։

Անկյուն+3TV-ի/ Ankyun+3tv պատրաստած մուլտիմեդիա պատմությունը միավորված այս համայնքների մասին է։

Ամփոփ Մեդիան մոլդովական Bas-tv հեռուստաընկերության հետ համատեղ ներկայացնում է «Հայաստանն ու Մոլդովան բարձրագույն կրթության բարեփոխումների շրջապտույտում» խորագրով մուլտիմեդիա պատմությունը։

Նախագիծը երկու երկրների լրագրողների համատեղ ջանքերի արդյունքն է, որի նպատակն է՝ Հայաստանի և Մոլդովայի հասարակությունների ուշադրությունը սևեռել բուհական ոլորտում առկա համանման խնդիրներին։



Leave a Reply