- November 4, 2011
- Posted by: admin
- Category: Նորություններ
17-ամյա Արման Գրիգորյանը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մեդիաակումբի անդամ է։ Իր տարեկիցների հետ նա փորձում է օգտագործել ֆոտոյի եւ վիդեոյի տարբեր հնարավորությունները պատանիների իրավունքների եւ նրանց հուզող խնդիրների մասին բարձրաձայնելու համար։
«Ինտերնյուս»-ի լրագրողական դասընթացին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ից 28-ը, Արմանը եւ մեդիաակումբի մյուս անդամները մասնակցեցին հեռուստատեսային, ռադիո եւ մուլտիմեդիա նյութերի արտադրության հիմունքները սովորելու համար։ Նրանք իմացան, թե ինչպես է հարկավոր կատարել թեմայի ու հերոսի ընտրությունը, հարցազրույց վարել, սցենար գրել, նկարահանել եւ մոնտաժել նյութը։
Դասընթացն անցնում էր պատանիների ակտիվ ներգրավվածությամբ. ծանոթություն ձայնագրման սարքերով, տեսախցիկներով ու մոնտաժի սարքավորումներով աշխատանքին, հեռուստատեսային նյութերի դիտում ու քննարկում, դերախաղեր, գործնական աշխատանք, մրցանակներ լավագույն աշխատանքների համար։ Արմանը ամենաշատ մրցանակներն էր ստանում։ Հատկապես հաջող էին ստացվում լրագրող-հարցազրույց տվող դերախաղերը։
«Այժմ ես գիտեմ, թե ինչ որակներ պետք է ունենա ակտիվ լրագրողը, գիտեմ հարցազրույցի ընթացքում ճիշտ հարցեր ձեւակերպելու հնարները։ Դասընթացն այնքան հետաքրքիր էր, որ անընդհատ ուզում եմ խորացնել լրագրության իմ գիտելիքները»,- ասում է Արմանը։
Դասընթացին հաջորդելու է պատանի լրագրողների պատրաստած հեռուստատեսային ու ռադիո նյութերի հեռարձակումը։