- June 17, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Փողկապները հուշում են՝ «Թվապատում 2017»-ը մեդիաբովանդակություն ստեղծելուց բացի նաև մեդիայի աշխատանքը կազմակերպելու ու կառավարելու մասին է. հունիսի 16-ին մեկնարկած երկօրյա լրագրողական կոնֆերանսի առանցքային թեման մեդիա մենեջմենթն է:
Գերմանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից հրավիրված` ոլորտի առաջատար 6 մասնագետները կներկայացնեն թվային միջավայրում մեդիայի գոյատևման, զարգացման և հաջողության միջազգային փորձը։
Թվապատման ուշադրության կենտրոնում են մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, մոնետիզացիայի նոր միջոցները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համակեցությունը, նաև՝ հայաստանյան մեդիադաշտի ներկան ու հեռանկարները:
Ավանդույթ դարձած՝ արդեն չորրորդ «Թվապատում»-ը հարթակ է ոչ միայն մեդիայի զարգացման միտումներին ծանոթանալու, այլև համագործակցության նոր հնարավորություններ ու եզրեր գտնելու, համաշխարհային փորձով ոգեշնչվելու համար: Այս տարի բանախոսների տեսական ու գործնական խորհուրդներն ուղղված են առաջին հերթին մեդիա մենեջերներին, բայց նաև լրագրողներին, ուսանողներին ու մեդիա համայնքի մյուս ներկայացուցիչներին: Բանախոսները սեփական փորձով կպատմեն, թե ինչպես կարելի է նոր ասելիքը հասցնել հին լսարանին, ինչպես փոթորկվող ժամանակներում մնալ մեդիայի ղեկին, ինչպես դիմակայել մրցակցության ու նոր հարթակների աշխարհում:
«Թվապատում 2017»-ի սպասված հյուրերն են ամերիկյան Lee Hunt ընկերության հիմնադիր, ռազմավարությունների մշակման ճանաչված մասնագետ Լի Հանթը (ում «Հեռուստատեսային բրենդինգ» գիրքը տարիներ առաջ թարգմանվել ու հրատարակվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից), Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող, լեհ խմբագիր ու մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան, Russia Beyond The Headlines-ի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան, HackPack նախագծի հիմնադիր և ղեկավար Ջասթին Վարիլեքը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Նատալյա Լոսևան, Advance Digital մեդիա ընկերությունը ներկայացնող Դեյվիդ Ջեքոբսը:
Կոնֆերանսի մանրամասներին կարելի է ծանոթանալ Թվապատման կայքում: Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum17 հեշթեգը:
[foogallery id=”6079″]
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: