- July 17, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ժաննա Պողոսյանը «Սիվիլնեթ» առցանց հեռուստաընկերությունում աշխատում է մոտ երկու տարի: Այլ լրատվամիջոցների գործընկերների հետ մեդիատուրի առաջին անգամ մասնակցեց այս տարվա մայիսի 29-31-ին:
«Չէի պատկերացնում ընթացքն ու արդյունքը, մտածում էի՝ շատ լրագրող, քիչ թեմա, իրար խանգարելու ենք: Բայց մեդիատուրի հենց սկզբում կարծիքս փոխվեց. շատ գրագետ էր կազմակերպված, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նաև ազատ ժամանակ ունեցանք: Երեք օրվա ճանապարհն ու միասին նյութեր պատրաստելն օգնեց նաև ավելի լավ ճանաչել գործընկերներիս, ինչի հնարավորությունը չեմ ունենում, օրինակ, ասուլիսներին նրանց հանդիպելով»,-տպավորությունների մասին պատմում է Ժաննան:
«ՀԿ Դեպո» ծրագրի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ դեպի Սյունիքի ու Վայոց ձորի մարզեր եռօրյա շրջայցին մասնակցեց տասնմեկ լրագրող ութ լրատվամիջոցից: Հյուրընկալվեցին Վայքում, Սիսիանում, Գորիսում և Կապանում գործունեություն ծավալող տարբեր հասարակական կազմակերպությունների, նրանց օգնությամբ ծանոթացան համայնքների յուրահատուկ խնդիրներին ու հոգսերին, դրանց լուծմանն ուղղված հկ-ների աշխատանքին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողական շրջայցեր կազմակերպելու մեծ փորձ ունի: Կազմակերպության ուսումնական բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանի խոսքով՝ յուրաքանչյուր մեդիա տուր առանձնանում է նախևառաջ աշխարհագրությամբ, թեմատիկայով, մեդիայի օրակարգից դուրս հարցերի լուսաբանման տարափով, բայց նաև լրատվամիջոցների բազմազանությամբ. «Այս անգամ հիմնականում փորձառու լրագրողների թիմ էր ձևավորվել: Նախապես հետազոտել էին թեմաներն ու գիտեին՝ ինչ նյութեր են ուզում պատրաստել: Սա շատ արդյունավետ դարձրեց աշխատանքը: Այս անգամ լրագրողներին հնարավորություն տվեցինք, որ իրենք որոշեն որ հանդիպմանը մասնակցել, որին՝ ոչ, և ունենալ ժամանակ՝ իրենց նյութերիի համար անհրաժեշտ լրացումներ անելու համար»:
Նարինեն ասում է, որ մարզերից անհնար է առանց նյութի վերադառնալ, քանի որ «մայրաքաղաքից հեռու ու քիչ ուսումնասիրված թեմաներ են»:
Այս մեդիատուրի արդյունքում ստեղծված մոտ 30 լրագրողական պատմություններն անդրադարձան տարբեր թեմաների՝ համայնքների խոշորացում, մանկատներ և այնտեղ մեծացող երեխաներ, հանքարդյունաբերություն և բնապահպանական խնդիրներ, էկոտուրիզմ, զինծառայողների իրավունքներ, արվեստն ու մշակույթը գյուղական համայքներում, սոցիալական ձեռնարկությունների տարբեր մոդելները:
«Սյունիքով հարուստ վերադարձա Երևան»,-ասում է Ժաննան ու ավելացնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նորից կմասնակցի:
Առցանց «Առավոտ»-ի անգլերեն տարբերակի խմբագիր Ամի Չիչակյանը մեդիատուրի մասնակցելու փորձ արդեն ուներ, ինչից ոգևորված էլ որոշեց մասնակցել նաև այս այցին. «Մեդիատուրի ժամանակ լինում ենք հեռավոր համայնքներում, ուր հասնելը հեշտ չէ: Նաև նոր կապեր ենք հաստատում, ինչը Երևանում նստած չենք կարող անել: Դա օգնում է նաև հետագա աշխատանքում՝ մարզային թեմաները լուսաբանելիս»:
Նարինե Սաֆարյանը, երկար տարիներ աշխատելով հայաստանյան լրատվամիջոցների հետ, նկատել է, որ «հկ-ների ու լրագրողների միջև փոխադարձ անվստահություն կա: Նման այցերը նպաստում են նաև քաղհասարակություն-մեդիա երկխոսության ձևավորմանն ու ամրապնդմանը»: