- November 24, 2017
- Posted by: admin
- Category:
Այս ծրագրով 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը ստանձնել է Հայաստանի ՔՀԿ-ներին կրթելու ու զարգացնելու առաքելությունը։ Ուշադրության կենտրոնում է ՔՀԿ-ի կազմակերպական փոփոխությունը, մասնավորապես ՀԿ-ի ներսում արժեքների, վերաբերմունքի, մտածելակերպի ու վարքի փոփոխությունը՝ «գոյատևման» մոդելից դեպի կայուն զարգացման մոդելին անցնելու համար։
Ծրագրի նպատակն է ՀԿ-ներին դարձնել առավել կայուն․ բարձրացնել նրանց ներքին, մարքեթինգային և կոալիցիա կազմելու կարողությունները, այնպես որ արդյունքում առավել արդյունավետ ծառայություններ տրամադրեն, դառնան կենսունակ ու կայուն դերակատարներ` Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու համար, ինչպես նաև վստահելի գործընկերներ միջազգային դոնորների համար։
ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողություններն ամրապնդելու համար կոնսորցիումն առաջարկում է մի շարք մեթոդներ և գործողություններ:
ՔՀԿ ոլորտի շուկայի հետազոտության միջոցով գնահատվել են Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման կարիքները և ծառայությունների մատուցման պահանջարկը։
Ստեղծվել է կարողությունների գնահատման գործիք, որի միջոցով ՔՀԿ-ն կարող է բացահայտել իր ուժեղ և թույլ կողմերը, գնահատել, թե զարգացման որ փուլում է, ինչ տեմպերով ու որ ուղղությամբ է առաջ գնում, ինչպես նաև պլանավորել կազմակերպական զարգացման քայլեր։
Ծրագրի հիմնած ՀԿ կառավարման դպրոցը քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն է, որի ուսումնական ծրագիրն արձագանքում է ՀԿ-ների զարգացման կարիքներին։ Այս դպրոցում առաջարկվում են վերապատրաստման դասընթացներ ծրագրի կառավարման, կազմակերպական զարգացման, հաղորդակցության, ֆոնդահայթայթման, ծառայությունների մատուցման և այլ թեմաներով:
Կոնսորցիումի ակնկալիքներով՝ հինգ տարվա ընթացքում ուսուցում կստանան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կանցկացվեն դասընթացներ վերապատրաստողների համար, այսպիսով` դպրոցը կավարտեն վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող դրամաշնորհների դիմելու հրավեր կստանան:
ՀԿ կառավարման դպրոցը հզորացվում է ՀԿ դեպո պորտալով, որը մեկ հարթակում համախմբում է կազմակերպական զարգացման և համագործակցության ռեսուրսներ՝ գրանտային հայտարարություններ, ուսումնական, իրավական և ներքին կանոնակարգային նյութեր, փորձառու խորհրդատուների և ծառայություն մատուցող կազմակերպությունների ու անհատների մասին տեղեկատվություն։
Ծրագիրն իրականացվում է 2014 թ. հունիս – 2019 թ. մայիս ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: