Media.am-ը՝ նոր տեսքով ու նոր հնարավորություններով

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքն այսուհետ լսարանին ներկայանում է նորովի: Պահելով լոգոն ու գունային լուծումները՝ կայքն այժմ ավելի ֆունկցիոնալ է դարձել:

Media.am -ը հիմա շատ հարմար է կարդալ կամ դիտել շարժական սարքերի օգնությամբ՝ կայքի էկրանն ավտոմատ հարմարեցվում է սարքի էկրանին:

Նորացված կայքը հարմար է ավելի որակյալ լուսանկարների, ինֆոգրաֆիկաների տեղադրման համար: Media.am-ի ընթերցողները կայքում գրանցվելուց հետո  հնարավորություն են ստանում մեկնաբանություններ թողնել ու խմբագրություն ուղարկել մեդիայում հրապարակված լրագրողական նյութեր, տեսանյութեր և լուսանկարներ, որոնք լրագրողական էթիկայի խախտում են պարունակում կամ ճշգրտման կարիք ունեն: Խմբագրությունը կդիտարկի ստացված նյութերը և կընդգրկի Media.am-ի օնլայն քննարկումներում: Սա լսարանի պատվերով հոդվածներ պատրաստելու հնարավորություն է:

Նոր տեսքի հետ նոր բաժիններ են գործարկվել: Քարտադարանը Հայաստանում բացատրական լրագրության առաջին օրինակներից է: Այստեղ բարդ տեղեկատվությունը ներկայացվում է պարզ հարց ու պատասխանի օգնությամբ: Օրինակ՝ անալոգից  թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի մասին տեխնիկական մանրամասները հասանելի են «Ինչ պետք է իմանալ թվային հեռարձակման մասին» հոդվածում:

.Հայ-ը բաժին է, որտեղ ներկայացնում ենք արտասահմանում աշխատող ազգությամբ հայ լրագրողներին, մեդիա պրոդյուսերներին: Այս խորագրի մեր առաջին հարցազրույցը ամերիկահայ մուլտիմեդիա լրագրող Քարուն Դեմիրճյանի հետ է, ով այժմ ապրում է Մոսկվայում և «Washington Post»-ի համար լուսաբանում է Ռուսաստանի և նախկին Խորհրդային միության երկրների անցուդարձը:

Նորությունների, պատկերների և տեսանյութերի հաստատումն ու ստուգումը ժամանակակից մեդիայի նոր մարտահրավերներից է: Media.am-ում հասանելի է Ստուգված է բաժինը: Այն ներկայացնում է նորությունների ստուգման գործիքներ և  պատմություններ կեղծ լուրերի ստուգման և հայտնաբերման մասին:

Նորացված Media.am-ը դեռ աշխատանքային տարբերակով է: Առաջիկա ամիսներին կայքի խմբագրությունը նախատեսում է նոր բաժիններ գործարկել: