- May 4, 2016
- Posted by: admin
- Category: Նորություններ
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի մրցանակը շնորհվեց լրագրող Թաթուլ Հակոբյանին՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
Մրցանակը սահմանել են ՀՀ Ժուռնալիստների միությունը, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»):
«Ինձ համար շատ կարևոր է մրցանակ ստանալ լրագրողական կազմակերպություններից և ոչ իշխանություններից: Հպարտ եմ, որ իմ անունն էլ կնշվի այն լրագրողների կողքին, որոնք ստացել են այս մրցանակը»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ կարևոր է, որպեսզի լրագրողները կարողանան գտնել պատասխանատու լրագրության և ազատության սահմանները հատկապես պատերազմական իրավիճակում.
«Բայց չի նշանակում, որ իշխանությունները պետք է սա օգտագործեն մեր բերանը փակելու համար: Մեր բերանները պետք է ամենից շատ բաց լինեն, որովհետև մենք այն մարդիկ ենք, որոնք պետք է տան հնարավորինս համապարփակ, իրականությանը համապատասխանող ինֆորմացիա»:
Նրա խոսքով՝ լրագրողը պատերազմական իրավիճակներում հաճախ երկընտրանքի առջև է հայտնվում և ստիպված է լինում փոխզիջումնային որոշումներ կայացնել:
«Ես մինչև հիմա կամուկացի մեջ եմ՝ պե՞տք է գրեմ վերջնական ճշմարտություն, թե մենք ինչքան տարածք ենք կորցրել: Բայց, եթե գրեմ, դա կարող է պատճառ դառնալ, որ առաջիկա ամիսների ընթացքում այլևս հնարավորություն չունենամ ոտք դնելու այն տարածքները, ուր հիմա ինձ թույլ են տալիս մտնել: Մյուս կողմից, ես հասկանում եմ, որ լրագրող եմ ու պետք է տամ ամբողջական ինֆորմացիա: Այդ մասին, միևնույն է, գրելու եմ. կգրեմ երկու-երեք ամիս հետո, կգրեմ անցյալ ժամանակով, բայց քանի որ ինձ համար հիմա շատ կարևոր է գնալ առաջին գիծ, այո՛, ես որպես լրագրող պարտվում եմ, բայց ոչ թե պետական պատասխանատվությանը, այլ լրագրությունը մասամբ զոհաբերում եմ հետագայում ինֆորմացիա ստանալու հնարավորությանը»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:
«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը տրվում է 2006 թվականից: