- May 30, 2015
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ինչպես է թվային միջավայրը փոխել լրագրությունը, ինչ մարտահրավերն են բերում նոր տեխնոլոգիաները, զարգացող ինտերնետն ու անընդհատ փոխակերպվող սոցիալական ցանցերը խմբագրությունների համար:
Թվային միջավայրում մեդիա բովանդակությունը քննարկելու համար մայիսի 28-ին և 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Թվապատում 2015» միջազգային մեդիա կոնֆերանսը: Նման հարթակ ստեղծելով` կոնֆերանսի կազմակերպիչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը առաջին հերթին նպատակ ուներ ոգեշնչել մեդիադաշտի ներկայացուցիչներին:
«Շատերն այստեղ նոր գաղափարներ գտան, իրենց պատմությունը ներկայացնելու նոր եղանակներ բացահայտեցին»,- նկատեց կոնֆերանսի բանախոսներից Լեսլի Թորնթոնը, ով Արիզոնայի պետական համալսարանի Լրագրության և զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութան ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին հյուրընկալված միջազգային և տեղացի 16 մասնագետները զեկույցների և գործնական սեմինարների միջոցով ներկայացրին լրագրողական նոր ձևաչափերը, գործիքները, մեդիա ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման փորձը, տեղեկատվության տարածման նոր հարթակներն ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերը։
Մասնագետներից շատերը կարևորեցին, որ Թվապատումը հնարավորություն ընձեռեց միևնույն հարթակում ներկայացնել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մեդիաոլորտի միտումներն ու խնդիրները:
«Բացահայտեցի, թե ինչքան շատ նմանություններ ու ընդհանրություններ կան Հայաստանի, Թուրքիայի ու Վրաստանի մեդիադաշտում», -նշեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի հանրային կապերի և տեղեկատվության դասախոս Սունջեմ Քոչերը, ով կոնֆերանսի ընթացքում պատմում էր միջոցների հայթայթման օնլայն արշավների՝ քրաուդֆանդինգի մասին:
Առհասարակ, մեդիադաշտի ֆինանսական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն ամենաշատ քննարկվող թեմաներից էին: Առաջարկվող ու հատկապես հաջողության հասած մոդելները մեծ հետաքրքրություն առաջացրին մեդիադաշտի ներկայացուցիչների շրջանում:
Հայաստանյան «ՍիվիլՆեթ»-ն ու ռուսաստանյան «Дождь»-ը ներկայացրին ինտերնետային միջավայրում հեռուստաընկերության առավելություններն ու խնդիրները:
«Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինային հայաստանցի գործընկերներին կոչ արեց համարձակ լինել ու պատրաստ լինել փոփոխությունների: «Ուզում եմ, որ մեր օրինակը նույնպես կիրառելի դառնա Հայաստանում, որ ձեր լսարանը նույնպես պատրաստ լինի վճարել բովանդակության համար: Կարծում եմ, որ ԶԼՄ-ների ապագան պետք է հենց դրա հետ կապել»:
Նախաձեռնողները հույս ունեն, որ Թվապատումը ամենամյա միջոցառում կդառնա. մեկ տարվա ընթացքում բովանդակության մասին խոսակցությունների ու քննարկումների նյութ Հայաստանում, իհարկե, կհավաքվի:
[foogallery id=”4466″]