- January 21, 2013
- Posted by: admin
- Category: Նորություններ
2013թ-ի հունվարի 18-19-ին տեղի ունեցավ «Հասանելի դառնալ մարդկանց» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը: Այն կրում էր «Մարդու իրավունքները նոր մեդիա հարթակներում» խորագիրը:
Երկօրյա հանդիպումների հիմնական թեման այն հնարավորություններն ու հեռանկարներն էին, որոնք բացվում են իրավապաշտպանների համար նոր մեդիայի միջոցով. ինչպե՞ս են այդ հնարավորություններն օգտագործվում Հայաստանում և այլ երկրներում, ի՞նչ են շահում և ի՞նչ կորցնում քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները օնլայն հարթակներում… Կարծիքները տարբեր էին, խնդիրները՝ շատ, քննարկվող օրինակները՝ ուսանելի:
Կոնֆերանսին մասնակցում էին տարբեր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից: Կային նաև հյուրեր այլ երկրներից:
Ռուսական Սոցիալական տեխնոլոգիաների ջերմոց պորտալի խմբագիր Դարյա Ալեքսեևան պատմեց, թե ինչպես են Ռուսաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաներն օգտագործվում փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկացնելու համար: Ուկրաինացի լրագրող, մեդիա խորհրդատու Օլեգ Խամենոկը ներկայացրեց, թե ինչ նպատակներով են կիրառվում քրաուդսորսինգի հնարավորությունները ուկրաինական ինտերնետային նախագծերում: Իսկ Social Media Exchange կազմակերպությունից Ջեսիկա Դիերը (ԱՄՆ) խոսեց ընդհանրապես սոցիալական արշավների ճիշտ պլանավորման ու թիրախավորման մասին:
Կոնֆերանսին մասնակցող հայ իրավապաշտպանները անդրադարձան բնապահպանական խնդիրներին, բանակային բռնություններին, քաղաքաշինական խախտումներին՝ թեմաներ, որոնք վերջին տարիներին գերակշռել են սոցիալական հարթակներում, խոսեցին Հայաստանում քաղաքացիական ակտիվությանը խոչընդոտող դժվարություններից՝ աշխատանքի մեծ ծավալ, ռեսուրսների, համախոհների, կամավորների պակաս և կոռումպացված դատական համակարգ և այլն:
Կոնֆերանսի ընթացքում կազմակերպվեց նաև Ինտերնյուսի հրատարակած նոր գրքի շնորհանդեսը՝ «Սոցիալական մեդիան մարդու իրավունքների պաշտպանության գործում», որը նույնպես սոցիալական մեդիայում քաղաքացիական ակտիվության հայաստանյան փորձի մասին է՝ փորձագիտական վերլուծությունների ձևաչափով:
Այս գրքի տպագրությամբ և կազմակերպված կոնֆերանսով Ինտերնյուսը ամփոփեց «Հասանելի դառնալ մարդկանց» ծրագիրը, որն իրականացնում էր 2010-2012թթ-ին: Ծրագիրն ուղղված էր իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների հաղորդակցության ռեսուրսների հզորացմանը: Այդ նպատակով անցկացվել է 15 դասընթաց, որոնց մասնակցել են մոտ 122 մարդ՝ 70 հկ-ից և 6 քաղաքացիական շարժումներից, կազմակերպվել են խորհրդատվություններ ՀԿ-ների 37 ներկայացուցիչների համար, 6 Հկ-ների տրամադրվել են մեդիա արշավների անցկացման դրամաշնորհներ: