Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 14-21-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն իններորդ անգամ անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, այս տարի՝ «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո։

ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը տեղեկատվական ժամանակակից միջավայրում մեդիագրագետ հասարակության ձևավորման գործում։ Նրա խոսքով՝ տեղեկատվական հոսքերի բազմազանության և թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում մեդիագրագիտությունն այլևս պարզապես հմտություն չէ, այլ անհրաժեշտություն, որը հնարավորություն է տալիս քննադատաբար գնահատել տեղեկատվությունը, կողմնորոշվել թվային միջավայրում և կայացնել գիտակցված որոշումներ։

Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական մեկնարկը տրվեց «Ազատ խոսքի արվեստը» թեմատիկ ցուցահանդեսի բացմամբ և մրցանակաբաշխությամբ։ Աշակերտները մեդիագրագիտության տարբեր թեմաների անդրադարձել են ստեղծագործական բազմազան ձևաչափերով։ Մրցույթի լավագույն աշխատանքներն էին՝

  • «Լավագույն իլյուստրացիա»․ «Խոսքի կշիռը»՝ Հասմիկ Դեմիրճյան, 16 տարեկան, ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց։
  • «Գեղարվեստական աշխատանք»․ «Ճշմարտության որոնում»՝ Սուսաննա Ղարաքեշիշյան, 17 տարեկան, ՀՀ Լոռու մարզի «Դարպասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ։
  • «Լավագույն կոլաժ»․ «Յան»՝ Կարինե Փարսադանյան, 17 տարեկան, Աճանանի միջնակարգ դպրոց։
  • «Լավագույն տեսանյութ»․ «Տարբեր ձայներ, մեկ աշխարհ»՝ հեղինակային խումբ՝ Դիաննա Բաղդասարյան, Կարինե Ստեփանյան, Զոյա Ավետիսյան, Արաքսյա Ավետիսյան, Մանե Կակոսյան, Զավեն Մկրտչյան, Լեռնավանի Հովհաննես Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց։
  • «Լավագույն ձեռագիր կամ թվային պաստառ»․ «Խոսքը որպես ազատության թև»՝ Նարե Մանուչարյան, 15 տարեկան, ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշենի միջնակարգ դպրոց։

Պաշտոնական միջոցառման ավարտից հետո Իտալիայից և Խորվաթիայից հրավիրված փորձագետները հանդես եկան երկու թեմատիկ բանախոսությամբ՝ «ԱԲ գրագիտություն» և «Մեդիան, արվեստը և կրթությունը․ պատրաստելով երեխաներին իրական աշխարհին» թեմաներով։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Շաբաթը միջազգային շարժում է, որն անցկացվում է ամեն տարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։

Նոյեմբերի 14-21-ը նախատեսվում են նաև ուսուցչական ֆորում, պանելային քննարկումներ տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ, լրագրողական խմբերի այցեր մարզային համայնքներ, երիտասարդական ինտերակտիվ միջոցառումներ, քննարկումներ, աշխատարաններ և դասընթացներ։

Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, մեդիագրագիտության վերաբերյալ նյութերը առցանց կտարածվեն #ՄեդիագրագիտությանՇաբաթ2026 հեշթեգի ուղեկցությամբ։


Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է «Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԷՐԻՄ-ի կողմից։ 



Leave a Reply