- September 1, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2026» լրագրողական մրցույթը: «Թվապատումը» խրախուսում է հանրային հետաքրքրություն ներկայացնող լրագությունը՝ նպաստելով հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների մասին։ Թվապատումը կարևորում է որակյալ, հավաստի լրատվությունը ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը՝ ներառյալ հետաքննական, բացատրական, լուծումների, տվյալների լրագրությունը։
Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է համապատասխանեն «Թվապատման» անվանակարգերին, և կարող են լինել տարբեր թեմաներով՝ մարդու իրավունքներ, մարդասիրություն, տնտեսություն, քաղաքանակություն, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն, ինչպես նաև ներկայացնել 2026 թ․-ի խորհրդարանական ընտրությունները և հետընտրական զարգացումները (այս ցուցակը ամբողջական չի)։
Ինչպես միշտ, կազմակերպիչները խրախուսում են նորարարությունը, ստեղծագործական և մարդակենտրոն մոտեցումները։
«Թվապատում 2026» մրցույթի անվանակարգերն են`
Homo Agendi (Գործող անձ)
Այս ավանդական անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։ Թեմատիկ սահմանափակում չկա։
Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը՝ 300,000-ական դրամով:
Դիտակ
Այս անվանակարգում ընդունվում են հետաքննական, փաստերի ստուգման օրինակներ, որոնք ճշգրտում, վերլուծում և բացահայտում են քողարկված, անորոշ, մոլորեցնող տեղեկատվություն, այդ թվում ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։ Աշխատանքները գնահատելիս` հաշվի կառնվեն տվյալների լրագրության հմտությունները, փաստերի ստուգման մասնագիտական վարպետությունը և արդի մեդիա գործիքների կիրառումը:
Մրցանակը՝ 250,000 դրամ:
Տուն և տեղ
Անվանակարգի նյութերը պետք է լինեն քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով։ Վերլուծական հրապարակումները բացատրական և լուծումների լրագրության ժանրերով պետք է ներկայացնեն քաղաքների, գյուղական բնակավայրերի խնդիրներն ու հեռանկարները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Մրցանակը՝ 200,000 դրամ։
Ականջօղ
Անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների մասին հրապարակումներ, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության, հասարակությունում առկա մարտահրավերների, որոշակի դեպքերի մասին նյութեր։
Մրցանակը՝ 200,000 դրամ
Հիմնական անվանակարգերից բացի նախատեսված են հատուկ մրցանակներ․
Արտակարգ գրություն
Այս անվանակարգում պետք է ներկայացվեն Հայաստանում և Հայաստանին առնչվող ճգնաժամերի, հակամարտությունների, պատերազմների վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանքներ։ Նյութերը կարող են լինել սահմանամերձ բնակչության, անհայտ կորած անձանց, գերիների և նրանց ընտանիքների խնդիրների, անվտանգության և կենսական այլ հարցերի, հակամարտության հետևանքով փոխված մարդկային ճակատագրերի և այլ թեմաների մասին։
Մրցանակը՝ 200,000 դրամ:
Լուսաբանելով գիտությունը
Գիտության թեմայով կամ գիտական լրագրության լավագույն աշխատանք։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։
Մրցանակը՝ 150,000 դրամ։
Երեխաները, երիտասարդները և կլիման
Այս անվանակարգում դիտարկվում են լրագրողական աշխատանքներ, որոնք ներկայացնում են կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման ազդեցությունը երեխաների և երիտասարդների կյանքի, իրավունքների, բարեկեցության և ապագայի վրա, լուսաբանում են այս խնդիրների լուծմանն ուղղված համայնքային նախաձեռնություններ, երեխաների մասնակցության օրինակներ։
Մրցանակը՝ 200,000 դրամ։
Կենաց ծառ
Անվանակարգում ընդունվում են հրապարակումներ, որոնք անդրադառնում են Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրներին՝ սկսած մայրական առողջությունից ու անպտղությունից, վերջացրած կեսարյան հատումներով ու վերարտադրողական օրգանների քաղցկեղներով, բացահայտում են առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կարիքներն ու համակարգային բացերը։
Մրցանակը՝ 200,000 դրամ։
Ընտրող հանձնաժողովի հայեցողությամբ կարող են շնորհվել նաև այլ հատուկ և/կամ խրախուսական մրցանակներ։
Ժամկետներ և պայմաններ
Նյութերը պետք է հրապարակված լինեն 2025 թ-ի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թ-ի հոկտեմբերի 30-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն):
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թ-ի դեկտեմբերին:
«Թվապատում 2025»-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախորդ մրցույթներում ամենաշատ մրցանակներ ստացած երեք լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ևս մասնակցում են աշխատանքների գնահատմանը։ Շահերի բախումը բացառելու նպատակով՝ այդ երեք խմբագրությունների լրագրողները տվյալ տարվա մրցույթին չեն կարող մասնակցել։ Այս տարի «Թվապատում 2026»-ի ժյուրիի կազմ են հրավիրված հետևյալ լրատվամիջոցները՝ «Ամփոփ Մեդիան», «Առավոտը» և «Ազատություն» ռադիոկայանը։
Ուշադրություն. «Թվապատում» մրցույթին չեն կարող ներկայացվել այն լրագրողական աշխատանքները, որոնք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կամ ՄՆԿ-ի մասնակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում տրամադրված դրամաշնորհների միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
Արշալույս Մուրադյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 055 56 32 36 հեռախոսահամարներով:
Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620, 093 26 04 77 հեռախոսահամարներով։
«Թվապատում 2026» լրագրողական մրցույթը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
«Թվապատում 2026» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» անվանակարգին աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Լուսաբանելով գիտությունը»՝ «Գիտուժ» նախաձեռնությունը, «Երեխաները, երիտասարդները և կլիման»՝ Յունիսեֆը և «Կենաց ծառ» անվանակարգին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:

