- February 20, 2012
- Posted by: admin
- Category: Նորություններ
Չնայած առողջական խնդիրներին, Գրիգոր Չոբանյանը զորակոչվել էր բանակ: Բացի դրանից նրա ընտանիքը` հաշմանդամ մայր, անչափահաս քույր եւ 80-ամյա տատիկ, գտնվում էր սոցիալապես ծանր պայմաններում: Ընտանիքին օգտակար լինելու նպատակով, անցյալ տարվա նոյեմբերին Գրիգորը լքեց զորամասը եւ տուն վերադարձավ, ինչի առիթով քրեական գործ հարուցվեց:
Այս ամենի մասին Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն մուլտիմեդիա նյութ պատրաստեց «Բանակի խնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում» մեդիա արշավի շրջանակներում։ Քարոզարշավը «Ինտերնյուս»-ի «Հասանելի դառնալ մարդկանց» ծրագրի բաղադրիչներից է, ըստ որի հինգ հասարակական կազմակերպություններ փոքր դրամաշնորհներ են ստացել։ Նրանք օգտագործում են նոր մեդիա հարթակներ մարդու իրավունքների պաշտպանության համար արշավներ իրականացնելու նպատակով: Իր մեդիա արշավի միջոցով Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն նպաստում է բանակում զինծառայողների իրավունքների պաշտպանությանը՝ բարձրաձայնելով ոտնահարման դեպքերի մասին։
Գրիգոր Չոբանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի եւ նրա ընտանիքի ծանր պայմանների մասին նյութը հրապարակվեց Lragir.am-ում եւ տարածվեց Facebook-ում`մեծ արձագանք ստանալով ինչպես սովորական մարդկանց (4000 ընթերցող, 700 դիտում YouTube-ում), այնպես էլ իրավապահ մարմինների շրջանում: Հրապարակման հենց հաջորդ օրը ՀԿ-ի գրասենյակ զանգահարեց ՀՀ զինվորական դատախազի տեղակալը եւ որոշ մանրամասներ ճշտելուց հետո համապատասխան անձանց ցուցումներ տվեց ու գործի քննությունը վերցրեց իր հսկողության տակ:
Գործը վարող քննիչը ֆինանսական աջակցություն ցույց տվեց զինծառայողի ընտանիքին: Գրիգորի իրավունքների պաշտպանությունը ստանձնեց Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի միջնորդությամբ նախաքննության գործընթացում ներգրավված հանրային պաշտպանը: Արդյունքում ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննության եզրակացության հիման վրա, Գրիգորը ազատվեց պարտադիր զինծառայությունից: